Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթը արտաքին քաղաքականության մասին


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի միջեւ կասկածվող միջուկային համագործակցության մասին վերջերս Կոնգրեսին ներկայացված զեկույցների նպատակն է խիստ պատգամ հղել երկու երկրներին։

Նախագահ Բուշը նաեւ դրվատել է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ Աֆղանստանում տարվող պատերազմը եւ անդրադարձել է Իսրայելի եւ պաղեստինյան իշխանությունների միջեւ խաղաղության ջանքերին։

Նախագահ Բուշը Սիրիական միջուկային համալիրների լուսանկարների հրապարակումից ի վեր ունեցած իր առաջին ելույթում ասաց, թե Սիրիան Հյուսիսային Կորեայի օգնությամբ գաղտնի կերպով միջուկակայան է կառուցում ։ Անցյալ տարի Իսրայելը ռմբակոծել էր այն։

Բուշն ասաց, թե ցանկանում է Հյուսիսային Կորեային ստիպել որ վերջ դնի իր միջուկային ծրագրին, միաժամանակ կոչ անելով, որ Սիրիան վերջ դնի Մերձավոր Արեւելքը ապակայունացնելու փորձերին.

՛՛Հյուսիսային Կորեային պետք է հասկացնել, որ մենք տեղյակ ենք իր միջուկային ծրագրերի մասին, եւ հետեւաբար վերջինս պետք է խոստովանի ոչ միայն պլուտոնիումի հարստացման, այլ նաեւ միջուկային տեխնոլոգիայի տարածման ծրագրերի մասին՝՝։

Անդրադառնալով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած պատերազմին, Բուշն ասաց, թե այն հաջող է ընթանում, սակայն ծանր ճակատամարտեր են ակնկալվում իր բառերով ՛՛շատ վճռական մի թշնամու՝՝ դեմ.

՛՛Աֆղանստանում առաջադիմություն է կատարվել։ Սակայն երկարամյա պայքար պետք է տարվի ՛՛ջիհադիստների՝՝ դեմ, որոնք ի վերջո կպարտվեն շնորհիվ ժողովրդավարության զարգացման՝՝։

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան խաղաղության պայմանագրին, նախագահ Բուշն ասաց, թե ռազմաշունչների ՛՛Համաս՝՝ խումբը, որը վերահսկում է Գազային գոտին, խոչընդոտում է խաղաղության ջանքերն այդ շրջանում։

Նախագահ Բուշը նաեւ կենտրոնացավ Զիմբաբվեյի ընտրությունների վրա, նախագահ Մուգաբեյին կոչ անելով հարգել ժողովրդի կամքը։ Նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն ընդդիմադիր ղեկավար Մորգան Ցվանգիրաին հայտարարել է, թե ինքը հաղթել է.

՛՛Աֆրիկայի հարեւան երկրների պարտականությունն է շեշտել, որ ժողովրդի կամքը, որը ձեւավորվել է երկրի իշխանությունների ձախողման հետեւանքով, պետք է հարգվի՝՝։

Նախագահ Բուշը նաեւ կոչ արեց վերջ դնել իշխանությունների կողմից հովանավորվող, իր բառերով ՛՛բռնության եւ վախի քաղաքականությանը՝՝ ընդդեմ Զիմբաբվեյի ընդդիմադիր կուսակցության։

XS
SM
MD
LG