Մատչելի հղումներ

Քոնդոլիսա Ռայս. ՛՛Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝՝


Օրերս Թուրք ամերիկյան խորհրդի կազմակերպած հավաք ճաշկերույթի ժամանակ Միացյալ Նահանգների արտգործնախարար Քոնդոլիսի Ռայսը անդրադառձել է Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը, Թուրքիայի սահմանադրության 3Օ1րդ հոդվածին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերին։

Թուրք-ամերիկյան խորհրդի հյուրընկալած միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսը հստակորեն անդրադառձավ Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերում նախագահ Բուշի վարած քաղաքականության կարեւոր կետերին։

Դիտել տալով, թե Միացյալ Նահանգները ձգտում է կայուն, բարգավաճ եւ միացյալ Իրաքի ստեղծմանը, նա վերահաստատեց որ Միացյալ Նահանգները Քրդստանի աշխատավորական կուցակցությունը համարում է ահաբեկչական կազմակերություն եւ Թուրքիայի, Իրաքի եւ Միացյալ Նահանգների ընդհանուր թշնամի.

՛՛Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ, որոնում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը հյուսիսային Իրաքում ոչնչացնելու եւ Եվրոպայում ֆինանսական ցանցի հետ այդ կազմակերպության կապերը խզելու ուղիներ։ Միեւնույն ժամանակ մենք ցանկանում ենք Իրաքում դրական փոփոխություններ իրագործել բարիդրացիական գործընթացի միջոցով՝՝։

Անդրադառնալով տարածաշրջանում էներգիայի նոր, ձեռընտու, եւ մաքուր աղբյուրների որոնման համատեղ ջանքերին՝արտգործնախարարը շեշտեց դրա կարեւորությունը թե՛ Թուրքիայի եւ թե՛ Միացյալ Նահանգների տնտեսությունների աճի համար։

՝՝Թուրքիայի աշխարհագրական դիրքը ռազմավարական կարեւորություն ունի էներգիայի մատակարարման առումով։ Թուրքիայի տարածքով է անցնում արտահանվող համաշխարհային նավթի ութ տոկոսը իսկ Բաքու Թբիլիսի Ջեյհան նավթամուղի շահագործման հաջողությունը հիմք է ստեղծում բնական գազի արտահանման նոր ենթակառույցների մշակման համար, ինչը կնպաստի Եվրոպայի էներգիայի գների համապատասխանեցմանը շուկայի գներին։ Թուրքիա-Հունաստան-Իտալիա եւ Նաբուքո գազամուղի ծրագիրը հանդիսանում է Ադրբեջանի եւ կասպյան ավազանի գազի պաշարները Թուրքիա եւ եվրոպական շուկա հասցնելու նոր միջանցք՝՝։

Անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման ջանքերին, Քոնդոլիսա Ռայսը նշեց, որ Միացյալ նահանգները ողջունում է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը այն մասին, թե երկրի խորհրդարանը ծրագրում է փոփոխության ենթարկել սահմանադրության քրեական օրենսգրքի 3Օ1րդ հոդվածը, որը հանցագործություն է բնութագրում ՛՛թուրքական ինքնությանն՛՛ ուղղված վիրավորանքները.

՛՛Կարծիքների արտահայտումը, ոչ թե Թուրքիայի դեմ ուղղված վիրավորանք, այլ քաղաքացիական պարտքի բարձրագույն դրսեւորում է։ Ժողովրդավարության հաստատումը նաեւ մարդկանց կրոնի ազատությունը պաշտպանելու լավագույն միջոցն է։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Թուրքիային, որ ճանաչի եւ պաշտպանի տարբեր կրոնի պատկանող իր քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ վերաբացի Հալկի միջկրոնական պատրիարքարանի վարժարանը՝՝։

Քոնդոլիսա Ռայսն իր ելույթի վերջում պատասխանեց ներկաների հարցումներին, անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Իսկ թե ինչպե՞ս կարելի է ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծում գտնել, արտգործնախարար Ռայսը պատասխանեց, որ իր բառերով՝ ՛՛փոքր ինչ հաստատակամության՝՝ միջոցով կարելի է համեմատաբար արագ լուծում գտնել.

՛՛Մինսկի աշխատախմբի շրջանակներում մենք փաստորեն շատ ենք մոտեցել հակամարտության լուծմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհամաձայնության համար անհրաժեշտ է կայացնել մի շարք դժվար որոշումներ։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի կառավարությանը ես նախազգուշացրել եմ, որ իրենց երկրները Ղարաբաղի հակամարտության պատճառով հետ են մնում տարածաշրջանի զարգացման ծրագրերից ։ Այս հարցում երկու կողմերն էլ մեղադրելի են։ Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք՝՝։

Ռայսը անդրադառնալով ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Եվրամիության կազմում՝ Թուրքիայի անդամակցության հարցին, ասաց. ՛՛Այդ գործընթացները ապացուցում են, որ անդրատլանտյան հաստտություններն ունեն հսկա ներուժ, փոխակերպելու երկրների արժեքները, դրանք համապատասխանեցնելով այն արժեքներին, որոնք հաղթանակեցին Սառը պատերազմում։

XS
SM
MD
LG