Մատչելի հղումներ

Օլիմպիական ջահը ժամանեց Սան Ֆրանցիսկո


Երեքշաբթի օրը օլիմպիական ջահը անվտանգության մարմինների խիստ հսկողության ներքո բերվեց Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքը։ Բողոքի բուռն ցույցեր են ակնկալվում այդ քաղաքում ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների։

Օլիմպիական ջահը Սան Ֆրանցիսկոյի օդանավակայան ժամանեց վաղ առավոտյան ժամը չորսից առաջ։ Սան Ֆրանցիսկոյի պաշտոնատարները հուսով են, որ օլիմպիական ջահին նվիրված հանդիսավոր արարողությունները կանցնեն խաղաղ պայմաններում, միաժամանակ թույլ տալով, որ ցուցարարները արտահայտեն իրենց աջակցությունը Տիբեթի անկախությանը։

Սան Ֆրանցիսկոյից հետո օլիմպիական ջահը կտարվի Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքը, որից հետո տասնյակ այլ երկրներ։ Ըստ ծրագրվածի ջահը Չինաստան կբերվի Մայիսի 4-ին օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրին վերապահվող հանդիսավոր արարողությունների համար։

Պեկինը, որպես հաջորդ օլիմպիական խաղերի վայր ընտրվեց 2ՕՕ1 թվականին։ Սակայն այդ ընտրությունը անհանգստացրել է մարդու իրավունքների ջատագովներին եւ բազմաթիվ մարզիկների ամբողջ աշխարհում։ Չնայած Տիբեթի անկախության աջակիցների դեմ Չինաստանի գործադրած դաժան ճնշումներին, օլիմպիական խաղերը բոյկոտելու շատ քիչ թվով կոչեր են արվել մինչեւ այժմ։

Մտահոգությունները առանձնապես կենտրոնացած են 17 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում օլիմպիական երթեւեկի լուրջ խցանումների հավանականության վրա, նույնիսկ եթե իշխանությունները իրագործեն օլիմպիական երթեւեկի հատուկ ճանապարհներ բացելու իրենց խոստումը։

Օգոստոս ամսին ջերմաստիճանը Պեկինում ընդհանրապես բարձրանում է ցելսիուսի ջերմաչափով մինչեւ 3Օ աստիճանի, իսկ օդի աղտոտվածությունը գերազանցում է աշխարհի ամենաապականված քաղաքը նկատվող Մեխիկոյի օդի աղտոտվածությանը։

Պեկինը ծրագրում է օդի աղտոտվածությունը նվազեցնել օլիմպիական խաղերի ընթացքում, քաղաքի երթեւեկը կրճատելու եւ գործարանների աշխատանքը դադարեցնելու միջոցով։

Միացյալ Նահանգների ու այլ երկրների մարզական խմբերը փորձում են նախապատրաստվել ամեն տեսակի անսպասելի հավանականությունների։ Օլիմպիական խաղերին մասնակցող Ամերիկյան պատվիրակության անդամների թիվը կհասնի մոտ հազարի, ներառյալ 6ՕՕ մարզիկներ։ Օլիմպիական խաղերը Պեկինում սկսվելու են օգոստոսի 8-ին եւ շարունակվելու են մինչեւ օգոստոսի 24-ին։

XS
SM
MD
LG