Մատչելի հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը ՛՛Վաշինգտոն Փոստ՝՝ օրաթերթի մարտի 5-ի համարում


՛՛Վաշինգտոն Փոստ՝՝ օրաթերթի մարտի 5-ի համարի նամականու բաժնում հանդես է եկել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը մեղադրում է Հայաստանի իշխանություններին ընտրական ամբողջ ընթացքը կաշառատվությամբ, սպառնալիքներով եւ քվեատուփերը լցնելու եղանակով խեղաթյուրելու եւ մամուլն ու հեռուստատեսությունը բրեժնեւյան ժամանակաշրջանի նման քարոզչությամբ լցնելու մեջ։

՛՛Սակայն ընդդիմությանը ոչ թե դա, այլ Արեւմուտքի խուլ լռությունը զարմացրեց։ Իսկ ամենամտահոգիչը ԵԱՀԿ-ի դիտորդ առաքելության կողմից Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակը հաստատող զեկույցն էր՝՝, ասում է Տեր-Պետրոսյանը, ավելացնելով, որ ՛՛ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Հայաստանի ժողովուրդը փորձեց տեսնել, թե ինչ է տեղի ունեցել ընտրատարածքներում, Իսկ դրա արդյունքում տվեց առնվազն ութ զոհ եւ երկրում հաստատվեց արտակարգ իրավիճակ՝՝։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի եւ Սարգայանի կողմից ժողովրդի վրա ուժ բանեցնելու փաստը բացատրում է միջազգային համայնքի կողմից ուժեղ հակազդեցության չարժանանալու նրանց հույսերով։

՛՛Կա երկու բացատրություն՝՝, ասում է նա։ ՝՝Առաջին, որ արեւմտյան մի շարք դերակատարներ պարզամտորեն հավատում են, որ մեծ խախտումները քննադատելու փոխարեն, որոշ դրական կողմեր արձանագրելով, ստեղծում են դրական մթնոլորտ։ Սակայն նա, ով ծանոթ է այս վարչակարգին, լավ է հասկանում նման մոտեցման անհեթեթությունը՝՝։

Տեր-Պետրոսյանի խոսքերով, կա մեկ այլ մոտեցում եւս, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենալավը կլուծեն Ղարաբաղից սերած ղեկավարները։ ՛՛Սակայն անցած տասը տարիներին Քոչարյանն ու Սարգայանը շատ քիչ բան են արել բանակցությունների գործընթացն առաջ տանելու ուղղությամբ՝՝, գրում է նա։

Նամակի վերջում նախկին նախագահը հայտարարում է, թե Հայաստանի ժողովուրդն այս պահին Արեւմուտքից եւ ԱՄՆ-ից սպասում է բռնությունների աներկդիմի դատապարտում եւ ուզում, որ Արեւմուտքն ընդունի, որ այդ բռնությունների համար պատասխանատու է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ կառավարությունը։

՛՛Մենք սպասում ենք նաեւ անցկացված ընտրությունների վերագնահատում, ինչը կտաներ դեպի նոր ընտրություններ։ Հակառակ դեպքում, Հայաստանը կգա այն եզրահանգման, որ խաղաղ եւ օրինական կարգով

քաղաքական պայքարն անիմաստ է, իսկ Արեւմուտքը ժողովրդավարության մասին է հոգում միայն քաղաքական նպատակահարմարության դեպքում՝՝, գրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՛՛Վաշինգտոն Փոստ՝՝ օրաթերթի նամականու բաժնում զետեղված հոդվածն ավարտում հետեւյալ խոսքով.

՛՛ Արեւմուտքը հնարավոր ամեն ինչ պիտի անի, Հայաստանի քաղաքացիների մոտ առաջ եկող այս կարծիքը վերացնելու համար՝՝։

XS
SM
MD
LG