Մատչելի հղումներ

Նախնական ընտրություններ Միացյալ Նահանգներում


Դեմոկրատական կուսակցության երկու թեկնածուները կարեւոր հաղթանակ ապահովեցին ամերիկյան 2Օ նահանգներում երեքշաբթի օրը անցկացված նախնական ընտրություններում ։Հանրապետական թեկնածուներից Ջոն Մըքեյնը առաջ անցավ իր գլխավոր մրցակիցներից , իսկ մնացյալ երկու հանրապետական թեկնածուները բավարար թվով նահանգներում հաղթանակ ապահովելու շնորհիվ, կշարունակեն իրենց ընտրապայքարը։

Հանրապետական առաջատար թեկնածու Ջոն Մըքեյնը իր մրցակիցներից ավելի մեծ թվով քվեներ եւ պատգամավորներ շահեց երեքշաբթի օրվա նախնական ընտրություններում։

՛՛Այսօր մենք պետք է ընդունենք, որ ես եմ հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն նախագահական պաշտոնի համար՝՝, ասաց Մքեյնը։

Միթ Ռոմնին հաղթեց միայն մի քանի փոքր նահանգներում։
Սենատոր Հիլարի Քլինթընը հաղթեց ամենամեծ նահանգներում եւ արդեն իսկ իր ելույթներում ակնարկեց նոյեմբերին, ամերիկյան ընդհանուր ընտրություններում հաղթանակելու մասին։

՛՛Ինձ տվեք այս երկրի վերքերն ամոքելու, այս աշխարհում ղեկավար դեր ստանձնելու հնարավորություն եւ ես վստահ եմ, որ պատրաստ եմ այդ գործին՝՝, ասաց Քլինթընը։

Սենատոր Բարաք Օբաման փաստորեն հաղթեց հավելյալ թվով նահանգներում։ Քանի որ դեմոկրատ պատգամավորների թիվը որոշվում է քվեների թվի հարաբերությամբ, նա կշարունակի մրցահրավեր նետել Հիլարի Քլինթընին։

՛՛Մենք պետք է ընտրություն կատարենք ներկա իրականությունը փոխելու եւ նույնը թողնելու, դեպի առաջ եւ դեպի հետ նայելու միջեւ՝՝, ասաց Օբաման։

Հանրապետական թեկնածու Մայք Հաքըբին հաղթեց հինգ նախանգներում, այդ թվում Արեւմտյան Վիրջինիա նահանգում։

՛՛Մեզ համար սա մեծ հաղթանակ է։ Դեռ այս շաբաթվա սկզբին մենք որոշեցինք գնալ Արեւմտյան Վըրջինիա։ Միթ Ռոմնին հսկայական գումարներ է ծախսում իր ընտրապայքարում։ Մենք նրա հետ չենք կարող համեմատվել՝՝, ասաց Հաքըբին։

Նախկին նահանգապետ Միթ Ռոմնին անարգել հաղթեց իր հայրենի նահանգ Մասաչուսեթսում։ Իսկ դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման որոշիչ հաղթանակ ապահովեց Ջորջիա եւ Ալաբամա նահանգներում, ուր մեծ է աֆրիկյան ծագմամբ ամերիկացիների թիվը։

Սենատոր Հիլարի Քլինթընը որոշիչ հաղթանակ ապահովեց Նյու Յորք նահանգում։ Նա հաղթեց նաեւ Մասաչուսեթսում, չնայած որ այդ նահանգում Քենեդիների հայտնի ընտանիքը աջակցում է Բարաք Օբամային։

Հանրապետական թեկնածու Ջոն Մըքեյնը այցելեց Նյու Յորք նահանգը որը սովորաբար ընտրություններում աջակցում է դեմոկրատ թեկնածուներին։

՛՛Մենք եռանդուն պայքար կմղենք այս հրաշալի նահանգում եւ չենք թողնի որ այլ թեկնածու հաղթի այստեղ՝՝, ասաց Մըքեյնը։

Իսկ Կալիֆորնիա նահանգը ամենամեծ թվով պատգամավորներն ունի երկու կուսակցությունների համար էլ։ Ենթադրվում է, որ Հիլարի Քլինթընը այնտեղ կհաղթի դեմոկրատների իսկ Ջոն Մըքեյնը՝ հանրապետականների անունից։

Նախնական ընտրություններ են անցկացվելու նաեւ առաջիկա շաբաթ, ամերիկյան ութ այլ նահանգներում։

XS
SM
MD
LG