Մատչելի հղումներ

Մամուլի ազատությունը նախկին խորհրդային պետություններում


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մամուլի ազատության գրասենյակը վերջերս Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում իր գնահատականն է տվել Կենտրոնական Եվրոպայում եւ Եվրասիայում մամուլի դիմակայած դժվարությունների մասին։ Այդ մասին մանրամասնություններ կներկայացնի Արաքսի Վանը։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մամուլի ազատության գրասենյակը պարբերաբար զեկուցում է ԱՄՆ-ի արտգործնախարարությանը Արեւելյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային երկրներում մամուլի պայմանների մասին։ Այդ գրասենյակի ներկայացուցիչ Միշլոս Հարաստին նշեց, որ իր առաքելություններից մեկը այդ երկրներում տեղի ունեցող առաջադիմությանը հետեւելն է.

՛՛Ի տարբերություն զարգացած ժողովրդավարական երկրների, ուր գոյություն չունի պետությանը պատկանող հրատարակչություն, նախկին խորհրդային երկրներում շարունակվում է պետության կողմից լրատվամիջոցների ֆինանսավորումը, ինչը հակասում է ազատ լրագրության սկզբունքներին՛՛։

Միկլոշ Հարաստին նշեց, որ պետությունը չի կարող մի կողմից եկամտահարկ մուծողների դրամները տրամադրել պետական լրատվամիջոցներին, մյուս կողմից ճնշել անկախ մամուլը.

՛՛ԵԱՀԿ-ի անդամակից երկրների արտգործնախարարները Մամուլի ազատության գրասենյակին լիազորել են միջամտել անդամ երկրների ներքին գործերին՝ մամուլի բնագավառում, վերանայել մամուլի օրենքները, բարեփոխումներ առաջարկել եւ բացատրություններ պահանջել այն կառավարություններից, որոնք թերանում են իրենց ստանձնած պարտավորությունները հարգելու գործում՛՛։

Անդրադառնալով Հայաստանում մամուլի կացությանը ԵԱՀԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ չնայած մամուլի օրենքների կայացման բնագավառում տեղի ունեցած առաջադիմությանը, բազմակարծությունը Հայաստանում սահմանափակ է եւ առկա է միայն անկախ, ֆինանսապես թույլ եւ նվազ մատչելի տպագիր մամուլի շրջանակներում։

Անկախ վերլուծաբան Ռիչըրդ Կիրակոսյանը, կարեւորելով Հայաստանում հեռուստատեսության դերը, նշեց որ նախընտրական այս շրջանում այն կարող է օգնել, որ բոլոր քաղաքական կուսակցություններն ու նախագահական թեկնածուները ներկայացնեն իրենց քաղաքական ծրագրերը։

Ինչպես նա ասաց. ՛՛Դժբախտաբար Հայաստանի մամուլը չափից ավելի հնազանդ է կառավարությանը եւ զգացվում է անկախ լուրերի պակաս հատկապես ՛՛Ա1 Պլյուսի՝՝ փակումից ի վեր։ Անցալ մի քանի ամիսներին տեղեկությունները կցկտուր են։ Սակայն մյուս կողմից, հարեւան երկրների համամատությամբ , առավել մտահոգիչ մթնոլորտ է տիրում Վրաստանում, ուր ճգնաժամի հետեւանքով փակվեց ՛՛Իմեդի՝՝ անկախ հեռուստակայանը։ Իսկ Ադրբեջանում, լրագրողները ենթարկվում իշխանությունների եւ ոստիկանության ճնշումներին։

Ռիչարդ Կիրակոսյանը նշեց որ մամուլի ազատությունը խիստ կարեւոր է ժողովրդավարության հետագա զարգացման համար.

՛՛Հայաստանում, ասաց նա, մտահոգիչը լրատվամիջոցների կողմից ինքնագրաքննության կիրառումն է, ինչպես նաեւ անկախ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշումների գործադրումը։ Դրանք երեւույթներ են, որոնք անշուշտ ապաքաջալերում եւ խոչընդոտում են անկախ մամուլի գործունեությունը՝՝։

XS
SM
MD
LG