Մատչելի հղումներ

Վիճաբանություններ Կենտրոնական հետախուզության գործակալության տեսագրությունների ոչնչացման շուրջ


Ամերիկացի օրենսդիրները կոչ են անում վերանայելենտրոնական հետախուզության գործակալության որոշումը՝ երկու կասկածյալ ահաբեկիչների հարցաքննության տեսագրությունը ոչնչացնելու մասին։ Կենտրոնական հետախուզության գործակալությունը տեսագրության ոչնչացման փաստի մասին հայտարարեց անցյալ շաբաթ։

Գործակալության տնօրեն Մայքըլ Հեյդընը հայտարարել է, թե գործակալությունը այդ քայլին է դիմել իր աշխատակիցների ինքնությունը պաշտպանելու նպատակով։ Նա ասել է, թե գործակալությունը իրավաբաններին տեղեկացրել է տեսագրությունների ոչնչացման մասին։

Սակայն ԱՄՆ-ի կոնգրեսի որոշ օրենսդիրներ, ներառյալ Գաղտնի հետախուզության սենատի հանձնաժողովի անդամ Կառլ Լեւինը, այժմ պահանջում են, որ հետաքննություններ անցկացվեն տեսագրությունների ոչնչացման շուրջ.

՛՛Մենք օրենքները հարգող պետություն ենք։ Կենտրոնական հետախուզության գործակալությունը եւս ենթակա է օրենքի թելադրանքներին։ Հետեւաբար, եթե որոշ նյութերի ոչնչացումը օրենքի խախտում է, ապա այս հարցը պետք է վերանայվի Արդարադատության նախարարության կողմից՛՛։

Սպիտակ Տան խոսնակ Դանա Փերինոն ասել է, թե նախագահ Բուշը տեղյակ չէր տեսագրությունների ոչնչացման մասին, երբ դա տեղի էր ունեցել եւ շարունակում է նեցուկ կանգնել գործակալության տնօրեն Հեյդընին.

՛՛Նախագահ Բուշը լիովին վստահում է Մայքըլ Հեյդընին եւ պատճառ չունի նրա կարողությունները կասկածի տակ դնելու։ Փաստահավաքման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են եւ ես ավելին չեմ կարող ասել նախքան այդ աշխատանքների ավարտվելը՝՝։

Լրատվության աղբյուրների համաձայն Կենտրոնական հետախուզությունը ՛՛վաթըրբորդինգ՛՛ կոչվող վիճահարույց տանջամիջոց է կիրառել կասկածյալ ահաբեկիչներին հարցաքննության ենթարկելիս, սակայն հստակ չէ, թե ոչնչացված տեսագրությունները ինչպիսի տանջամիջոցներ են պատկերվում։

Կենտրոնական Հետախուզության գործակալության համաձայն հարցաքննության բոլոր ձեւերը օրինական են Արդարադատության նախարարության հաստատած չափանիշների ներքո։



XS
SM
MD
LG