Մատչելի հղումներ

Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Դեյվիդ Քրեյմերի հետ


Միջազգային դիտորդները եւ Ռուսաստանի ընդդիմադիր խմբավորումները քննադատում են կիրակի օրը Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը, հայտարարելով, թե տեղի են ունեցել մեծ խախտումներ հոգուտ նախագահ Վլադիմիր Պուտինի Միացյալ Ռուսաստան կուսակցության:

Ընտրությունների եւ Եւրոպայում ոչ միջուկային սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի որոշման շուրջ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի եւրոպական եւ եւրասիական հարցերով տեղակալ Դեյվիդ Քրեյմերը ասաց, թե ԱՄՆ-ը անհանգստություն է արտահայտում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների, լրատվամիջոցների ու ընդդիմության նկատմամբ իրագործված ճնշամիջոցների կապակցությամբ ու հետաքննություն սկսելու հորդորով դիմում Ռուսաստանի կառավարությանը:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Ռուսաստան-ԱՄՆ հարաբերաբերություննին, նա ասաց, թե «Այդ հարաբերությունները կախյալ չեն Ռաուսաստանի ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ եկող նախագահական ընտրությունների ընթացքից, քանի որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը ունի համագործակցության շատ այլ ոլորտներ՝ հակահրթիռային պաշտպանության, Եւրոպայում սովորական տիպի սպառազինության, Կոսովոյի, Իրանի ու Մերձավոր Արեւելքի շուրջ հարցեր»:

Դեյվիդ Քրեյմերը իր վերջին հաշվետվություններից մեկի ժամանակ այն մտահոգությունն էր հայտնել, որ Եւրոպայում սովորական տիպի սպառազինության մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու փաստը կարող է բացասական ներգործություն ունենալ այլ երկրների, ինչպես օրինակ Հայաստանի ու Ադրբեջանի վրա, որոնք կարող են զարկ տակ սպառազինության մրցավազքին:

«Այժմ, երբ Ռուսաստանը պատրաստվում է դեկտեմբերի 12-ից դուրս գալ պայմանագրից, այն կարող է առաջ բերել խնդիրներ ամբողջ Եւրոպայում ու մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի Ռուսաստանը մնա հավատարիմ պայմանագրին ու հրաժարվի իր հրաժարականից», ասաց Քրեյմերը:

Այն հարցին, թե կարող է արդյոք այդ նույն պայմանագրի համաձայն Վրաստանից ռուսական հենակետերի ապասարքավորումից հետո Հայաստանն այս առումով փոխարինի Վրաստանին, ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Դեյվիդ Քրեյմերը հիշեցրեց, որ 1999 թվականի Ստամբուլի գագաթաժողովում խոսք չի եղել Ռուսաստան-Հայաստան ռազմական հարաբերությունների մասին եւ նշեց, թե ինքը չի կարծում, որ Ռուսաստանի ու Հայաստանի ռազմական բնագավառում հարաբերությունները կապված են Եւրոպայում ոչ միջուկային սպառազինության մասին պայմանագրի հետ:

Տարածաշրջանում Հայաստանը մեկուսացնելու ջանքերի եւ դրա հետեւանքով այն Ռուսաստանի ռազմական ուժերին ապավինելու հարցին ի պատասխան Դեյվիդ Քրեմերն ասաց. «Հայ-ամերիկյան կապերը առողջ են եւ ամուր: Հայաստանը կարող է վստահել ԱՄՆ-ին ու այս երկրի օժանդակությանը: Հայաստանն ունի նաեւ ամուր կապեր Ռուսաստանի հետ, ինչը բխում է Հայաստանի շահերից: Կարծում եմ, Հայաստանի նման պետությունը կարող է ունենալ առողջ ու ամուր կապեր ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ Ռուսաստանի հետ: Մենք այստեղ չունենք խնդիր»:

XS
SM
MD
LG