Մատչելի հղումներ

Իրադարձություններ Վրաստանում


Ինչպես «Վաշինգտոն Փոստ» օրաթերթն է գրում, Վրաստանի նախագահ Սահակաշվիլին պիտի հասկանա, որ ունի երկու ընտրություն. կամ պիտի շարունակի կառուցել ժողովրդավարություն, որպես ԱՄՆ-ի դաշնակից, կամ պիտի մեկուսացնի իրեն Արեւմուտքից:

Անցած չորս տարիներին Վրաստանը, սկսած Վարդերի հեղափոխությունից ու ժողովրդավարական մյուս քայլերով, գրավել էր Արեւմուտքի ու մասնավորապես՝ Բուշի վարչակազմի ուշադրությունը: Անդրկովկասի մասին վերլուծություններ գրելու նպատակով վերջերս այս տարածաշրջան այցելած լրագրող վերլուծաբան Ջոշուա Կուչերայի խոսքերով, Վրաստանում մեծ է եղել խանդավառությունը ընթացող բարեփոխումների նկատմամբ:

Սակայն ինչպես նա ասաց «Ամերիկայի Ձայն»-ին, «մարդիկ նաեւ զայրացած էին, որ սոցիալական կյանքում տեղի չէին ունենում իրենց սպասվածին համապատասխան արագ փոփոխություններ, ինչի արդյունքում էլ առաջ եկան այս անհանգստությունները»: Շատերի կարծիքով, մարդիկ Վրաստանում բողոքի ցույցի ելան ոչ այնքան ի շահ ընդդիմության, որքան՝ ընդդեմ կառավարության: Իսկ ընդդիմության խաղաղ ցույցերի դեմ Սահակաշվիլիի տված բռնության եւ արտակարգ իրադրության պատասխանը փոխեց նրա դեմ Արեւմուտքի տրամադրությունը:

ԱՄՆը հայտարարեց, որ կդադարեցնի օգնության առաքումը եւ չեղյալ կհայտարարի եկող ամիս Սահակաշվիլիի այցը Սպիտակ տուն: Ինչ վերաբերում է հունվարին ընտրություններ անցկացնելու Սահակաշվիլիի հայտարարությանը, վերլուծաբանի խոսքերով, այն շախմատային ուժեղ քայլ էր, քանի որ չի կարծում, որ երկու ամսվա ընթացքում ընդդիմությունը կկարողանա գտնել այնպիսի թեկնածու, որը ստանար այնպիսի ճանաչում, ինչպես Սահակաշվիլին: Եւ զարմանալի է, թե ինչպես ընդդիմությունն ընդոււնեց նախագահի այս առաջակը:

Փորձելով գտնել կատարվածի համար մեղավորներ եւ արդարացումներ, Սահակաշվիլին մեղքը բարդում է Ռուսաստանի վրա՝ հայտարարելով, թե Ռուսաստանն է հրահրում Վրաստանի ընդդիմությանը: Նա նաեւ հայտարարում է, թե Պուտինը մեկ տարի առաջ իրեն նույնիսկ սպառնացել է, որ Աբխազիան կվերածի մի նոր Կիպրոսի: Ջոշուա Կուչերայի խոսքերով, Վրաստանում մեծ են հակառուսական տրամադրությունները եւ վրացիներին դուր է գալիս Մոսկվայի նկատմամբ Սահակաշվիլիի բռնած դիրքը եւ նման որեւէ հայտարարություն ու նրանք հավատում են, որ դա է իրենց մոտեցնում Արեւմուտքին:

Եւրոպական հարցերով ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Մեթյու Բրայզան, Վրաստանում անցկացրած հանդիպումներից հետո ասաց, թե Վրաստանի խորհրդարանի խոսնակ Բուրջանաձեն խոստացել է, որ երկու երեք օրվա ընթացքում կհանվի արտակարգ իրադրությունը երկրում:

Սակայն անկախ դրանից եւ անկախ հունվարի հինգի ընտրությունների արդյունքից, ցուցարարների դեմ բռնությունների դիմելու ու արտակարգ իրադրություն հայտարարելու փաստերով Սահակաշվիլին մեծապես վարկաբեկել է իրեն: Ու առաջ եկած սպին դեռեւս երկար կմնա նրա հեղինակության վրա կամ այն կմնա ընդմիշտ:

XS
SM
MD
LG