Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ի աստղագնացները իրականացնում են բարդ մի գործողություն


Աստղագնաց Դանիել Թանին պտտվող մի հանգույցի վրա կիրակի օրը հայտնաբերել էր մի վնասվածք, որը խնդիրներ էր հարուցել անցած երկու ամիսների ընթացքում: Այս հանգույցն է թույլ տալիս, որ տիեզերակայանի արեգակնային մարտկոցները ուղղվեն դեպի արեգակը.

«Սարքի ատամնային ու նրան պահող նուրբ մասերը գունազրկվել էին, կասեի, ժանգոտվել», ասել է Դանիել Թանի: Կայանի հրամանատար Փեգի Ուիթսընը Թանիի հավաքած մաշված մասերը ցուցադրեց թռիչքի կառավարման կենտրոնի մասնագետներին.

«Դենն այս մասերը հավաքել է հատուկ բարակ թաղանթների օգնությամբ: Բայց դեռեւս չենք պարզել, թե արդյոք մաշված այս մասերը մետաղի մնացորդներ են, թե ոչ»:

Մաշված հանգույցը կարող էր արեգակնային աջ մարտկոցը շարունակ պահել նույն ուղղությամբ, ինչը շարքից կհաներ նրան: Իսկ ահա ձախ մարտկոցը աշխատում է շատ լավ: Թռիչքի ղեկավարներն այս պահին փորձում են պարզել, թե արդյոք հնարավոր է անսարքությունը շտկել հիմա, թե հարկավոր է սպասել մինչեւ «Դիսքավերի» տիեզերանավի վերադարձը:

«Ամեն անգամ նոր անհայտների առջեւ կանգնելով՝ ի վերջո գալիս ենք մի քանի տարբեր հնարավորությունների ընտրության առջեւ», ասել է Տիեզերական միջազգային կայանի տնօրեն Հեդըր Ռերիքը։

Աստղագնացները, մինչեւ առաքելության ավարտը, ունեն եւս երեք անգամ բաց տիեզերք դուրս գալու ծրագրեր: Այս ընթացքում նրանք ավարտելու են տիեզերակայանի էլեկտրասնուցման նոր խցիկի տեղակայման աշխատանքները:

XS
SM
MD
LG