Մատչելի հղումներ

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարները քննարկում են երկրագնդի ջերմացման հարցը


ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում 150 երկրների ղեկավարների ու պատվիրակությունների անդամների մասնակցությամբ սկսված հանդիպումը քննարկում է երկրագնդի ջերմության բարձրացման խնդիրը, խնդիր, որը շաբաթավերջին Սպիտակ տան հրավերով քննարկելու են նաեւ աշխարհի մթնոլորտն ամենաշատն աղտոտող երկրների ղեկավարները:

ԱՄՆ-ը ստորագրել, սակայն երբեք չի վավերացրել երկրագնդի ջերմացման հարցերով Կիոտոյի պայմանագիրը: Իսկ «Փյու» հետազոտական կենտրոնի միջազգային ռազմավարական հարցերով բաժնի ղեկավար Էլիոթ Դիրինջերի խոսքերով, կլիմայական փոփոխության դեմ պայքարում ԱՄՆ-ը կարող էր մեծ դեր ստանձնել.

«Սակայն այսօր շատերն են ցանկանում համոզվել, որ ԱՄՆ-ի մտադրությունը պաշտոնական բանակցությունները խափանելը չէ»:

Կիոտոյի պայմանագիրը միջազգային առաջին համաձայնությունն էր, որի նպատակն է կրճատել կլիմայի վրա ազդող ջերմոցային գազերի արտանետումների ծավալները: Բուշի վարչակազմն այս ծրագիրը չի ընդունում, բողոքելով, որ այն չի տարածվում նոր զարգացող երկրների վրա:

Ինչպես «Փյու» կենտրոնի նախագահ Այլին Քլոսենն է ասում, չնայած ԱՄՆ-ը չունի արտանետումները կրճատելու մասին ընդհանուր օրենք, երկրի առանձին նահանգներ այդ ուղղությամբ իրականացնում են որոշակի քայլեր.

«Կարծում եմ, շատ քիչ հնարավորություն կա, որ մինչեւ եկող տարվա գարնան վերջը ԱՄՆ-ը ընդունի նման օրենք: Նման օրենք գուցե չընդունվի մինչեւ 2010 թվականը»:

Սա, նրա խոսքերով, որպես բացասական օրինակ կարող է ծառայել զարգացող երկրների համար:

«Ցանկանում ենք, որ մեր ջանքերը չվնասեն տարբեր երկրների շահերը, ո՛չ շրջակա միջավայրի պահպանության, ո՛չ էլ մրցունակության տեսանակյունից: Այդ պատճառով, շատ կարեւոր է միջազգային համաձայնութան հարցում ղեկավար դեր ստանձնելու հանգամանքը», ասել է Էլիոթ Դիրինջերը, «Փյու» հետազոտական կենտրոնից:

Դիրինջերը հույս ունի, որ երկրագնդի ջերմության բարձրացման դեմ գալիք հանդիպումը կկարողանա համախմբել միջազգային համայնքին՝ դնելով այս տարվա վերջին Բալիում ՄԱԿ-ի կողմից անցկացվելիք բազմակողմ համաձայնագրի հիմքերը:

XS
SM
MD
LG