Մատչելի հղումներ

Ռուս լրագրող Աննա Պոլիտովսկայան մեծարվել է հետմահու պատվոգրով


«Բարեգործություն հանուն ժողովրդավարության» ոչ կառավարական հաստատությունը շաբաթասկզբին պարգեւներ հանձնեց տարբեր երկրներ ներկայացնող երեք լրագրողների եւ մի կազմակերպության՝ ազատ խոսքը տարածելու եւ մամուլի վրա քաղաքական վերահսկողությունը թուլացնելու նրանց ջանքերի համար: Քավի Չոնգքիթավորնը հարավարեւելյան Ասիայում լրագրող է աշխատում արդեն 20 տարի.

«Խոսքի ազատությունը իրականություն չէ նույնիսկ Թայլանդի նման երկրում: Դրա համար հարկավոր է շարունակ պայքարել»:

Այս տարվա պարգեւները հանձնվեցին Քավի Չոնգքիթավորնին, Եգիպտոսից հրատարակիչ Հիշամ Քասիմին, ռուս լրագրող Աննա Պոլիտովսկայային՝ հետմահու եւ Վենեսուելայում գործող «Մամուլ եւ հասարակություն» հաստատությանը: Եգիպտոսի առաջին անկախ օրաթերթի հրատարակիչ Քասիմն ասում է, թե իր երկրում պետական մամուլն այնքան է տարածվել, որ արդեն վնասում է տնտեսությանը.

«Չի կարելի այսքան մեծ գումարներ հատկացնել պետական մամուլին այն դեպքում, երբ մարդիկ կարծես ապրում են մեռյալ քաղաքում»:

Էվալդ Շարֆենբերգը ներկայացնում էր Վենեսուելայի «Մամուլ եւ հասարակություն» հաստատությունը, որը հետեւում է լրագրողների դեմ իրականացվող ճնշումները.

«Մեկ տարվա ընթացքում հարձակումների ու սպառնալիքների է ենթարկվել լրագրողների 56 տոկոսը»:

2006 թվականին սպանված Պոլիտովսկայայի պարգեւն ընդունեց նրա ամենամոտ ընկերներից լրագրող Ելենա Միլաշինան: Պոլիտովսկայայի մասին հարգանքի խոսք ասաց ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Թոմ Լանթոսը.

«Մենք այստեղ ենք՝ հարգելու ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարած եւ Ռուսաստանի հանդեպ մեծ սիրով լցված մի հերոսի հիշատակը»:

Միլաշինայի խոսքերով, իր երկրում ճշմարտությունն ասելը դարձել է համարձակություն: Իսկ ինչպես բոլոր պարգեւատրվածներն ասացին, կյանքի բարելավմանը կարող է նպաստել ամեն ոք, անկախ մասնագիտությունից:

XS
SM
MD
LG