Մատչելի հղումներ

Հուշարձան նվիրված Պենտագոնի շենքը հարվածած օդանավի զոհված ուղեւորների հիշատակին


Սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից վեց տարի անց Պենտագոնի տարածքում կառուցվում է մի հուշարձան ի հիշատակ պաշտպանության նախարարության շենքին հարվածած, առեւանգված օդանավի զոհված ուղեւորների ու անձնակազմի անդամների: Ուրբաթ օրն այստեղ էին հավաքվել նրանց հարազատները:

Այս հուշարձանը պատվում է Ամերիկյան ավիաուղիների 77-րդ չվերթի 59 ուղեւորների եւ անձնակազմի անդամների, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունում զոհված 125 անձանց հիշատակը: Պենտագոնի Հիշատակի այգին բաղկացած է լինելու 184 տարբեր հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը` մեկ զոհի համար: Յուրաքանչյուր հատված նայելու է մեկ ուղղությամբ` խորհրդանշական եղանակով տարբերակելու 77-րդ չվերթի օդանավում զոհված անձանց եւ Պենտագոնում զոհված աշխատակիցներին: Դրանք դասավորվելու են ըստ զոհերի տարիքի` 71-ից մինչեւ 3 տարեկան: 77-րդ չվերթում Ռոզմարի Դիլարդը կորցրել է իր ամուսնուն.

«Հարկավոր է, որ բոլորը հիշեն այդ օրը: Նույնիսկ մեզնից հարյուր տարի անց: Մեր ազատությունը շատ կարեւոր է մեզ համար: Ու հույս ունենք, որ այս հուշարձան այցելողները կհիշեն իրենց ազատության մասին»:

77-րդ չվերթում է զոհվել նաեւ Թոմաս Հայդենբերգի կինը` Միշելը.

«Ամերիկայի համար սա ոչ միայն Պենտագոնի 184, այլ նաեւ այդ օրը զոհված մնացյալ երեք հազար մարդկանց հիշատակը հարգելու վայր է»:

Պաշտոնատար անձինք ասում են, թե 50 տոկոսով իրականացվել են հուշարձանի կառուցողական աշխատանքները: Հիշատակի այգու բացումը տեղի կունենա յոթերորդ տարելիցի արարողության ժամանակ:

XS
SM
MD
LG