Իրաքում ամերիկյան ուժերի փոխհրամանատարն ասաց, թե Իրաքի տարածքում ծրագրում են իրականացնել այսպես կոչված «արագ հարված»-ի գործողություններ ընդդեմ այդ երկրի զինյալ խմբավորումների:
Մամլո ասուլիսի ժամանակ գեներալ լեյտենանտ Ռեյմոնդ Օդիերնոն ասաց, թե նախագահ Բուշի հրամանով հունվար ամսին այստեղ տեղակայված հավելյալ ուժերը գրանցում են հաջողություններ՝ զսպելով հակառակորդի գործողությունները, խափանելով զենքերի մատակարարումները: Նրա խոսքերով, զորքերի հետքաշումը կարող է սկսվել եկող տարվա ապրիլ ամսից.
«Այս գործողությունները շարունակվելու են մինչեւ 2008 թվականի ապրիլ ամիսը: Կարծում ենք մինչ այդ մենք կսկսենք թվաքանակի կրճատում»:
Օդիերնոն նաեւ կրկնեց Բուշի վարչակազմի այն պնդումները, թե Իրանը զենք է մատակարարում Իրաքի ապստամբ ուժերին.
«Գլխավորն այն է, որ կարողանանք այնպես անել, որ Իրաքում գործող ղեկավարությունը մերժի այն, ինչ անում է Իրանը: Այս ուղղությամբ շատ ենք աշխատում»:
Օդիերնոյի մտահոգության պատճառը Իրանի եւ Իրաքի անվտանգության պաշտոնատար անձանց միջեւ սահմանային անվտանգութան հարցով կնքված պայմանագրի մասին լուրն էր: Նա կարծում է, որ Իրաքում ապստամբ ուժերի կողմից իրականացվող գործողությունները կրում են փոփոխություն: Եթե հունվար ամսին հարձակումների 70 տոկոսը իրականացրել էին ալ Քայիդայի ուժերը եւ սուննի մահմեդական խմբավորումները, ապա հուլիսին նրանք իրականացրել են հարձակումների 52 տոկոսը, շիաները` 48: Օդիերնոն կարծում է, թե սա ցույց է տալիս Իրաքում Իրանի աջակցությամբ ալ Քայիդայի դիրքերի անկում: