Մատչելի հղումներ

Ընտրություններ Թուրքիայում


Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, երկրի մահմեդական արմատներ ունեցող կառավարող կուսակցությունը հաղթող է ճանաչվել ձայների մեծ առավելությամբ՝ 550 տեղանոց խորհրդարանում ապահովելով մոտավորապես 340 աթոռ:

Վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր Արդարություն եւ զարգացում կուսակցությունը շարունակելու է Եւրոպական Միություն մուտք գործելու, ահաբեկչության դեմ պայքարի եւ ազգային միասնության համար բարեփոխությունների ընթացքը: Այս կուսակցությունը ստացավ ձայների մոտ 47 տոկոսը: Կիրակի օրն անցկացված ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների 80 տոկոսը:

Աշխարհիկ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը կստանա մոտ 112 տեղ, ծայրահեղ աջ Ազգային գործողություն կուսակցությունը՝ մոտ 70: Անկախ թեկնածուները, ում հիմնականում պաշտպանում են քրդամետ կուսակցությունները, խորհրդարանում կունենան մոտավորապես 27 աթոռ: Ըստ այս արդյունքի, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը չունի նախագահ ընտրելու համար ձայների անհրաժեշտ երկու երրորդը եւ ստիպված է ակնկալել այլ կուսակցության աջակցություն:

Թուրքիայում մահմեդական արմատներ ունեցող կուսակցության վերընտրությունից հետո, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Միլիբենդը, ելույթ ունենալով Բրյուսելում Եւրոպական Միության արտգործնախարարների ամենամսյա հանդիպման ժամանակ, կոչ արեց Եւրոպական Միությանը պայմաններ ստեղծել, որ Թուրքիան շարունակի արեւմտյան կողմնորոշում ունեցող բարեփոխությունները, ավելացնելով, թե Միությունը «պիտի շարունակի այս շատ կարեւոր պետության հետ իր կապերը»:

XS
SM
MD
LG