Մատչելի հղումներ

Կոնգրեսը մտահոգություն է հայտնում արտասահմանից ներկրվող սննդամթերքի  ապահովության մասին


Չինաստանից ԱՄՆ ներմուծվող որոշ ապրանքատեսակների որակի շուրջ վերջերս առաջ եկած անհանգստությունների պատճառով ԱՄՆ-ի կառավարությունը շուտով կներկայացնի ներկրվող ապրանքի որակը ապահովելու համար որոշակի առաջարկներ: Նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է իր կառավարության 12 անդամների մասնակցությամբ աշխատանքային խումբ կազմելու մասին, որի նպատակը խնդիրն ուսումնասիրելն է եւ լուծումներ գտնելը.

«Մեր սպառողների վստահությունը պահպանելու համար շարունակ հարկավոր է հետեւել իրադրությունը եւ իրականացնել տվյալ իրադրությանը համապատասխան քայլեր»:

Կոնգրեսը մտահոգություն է հայտնում այն բանի համար, որ Սննդի ու դեղորայքի վարչությունը չի կարողացել ապահովել Չինաստանից, Վիետնամից ու Մեքսիկայից ներմուծվող սննդի անվտանգությունը: Իսկ ամեն տարի ներմուծվող 20 միլիոն ապրանքները ստուգելու համար աշխատում է միայն 450 տեսուչ:

«Այլ երկրներից սննդատեսակների ներկրումների ծավալների մեծացմանը զուգընթաց, մեծանում է ամերիկացիներին սպառնացող վտանգը», ասում է Սննդի եւ դեղորայքի վարչության պաշտոնյա Ուիլյամ Հաբըրդը:

Սենատի առեւտրի հարցերով հանձնաժողովում ասում են, թե եղել են չինական խաղալիքներից թունավորման դեպքեր:

«Երեխաները դրանք տանում են իրենց բերանը: Իսկ ներկը պարունակում է կապար», ասում է Սենատոր Բիլ Նելսընը։

Ստուգումներն իրականացնող պետական պաշտոնյաները բողոքում են, թե չունեն բոլոր ապրանքները ստուգելու համար անհրաժեշտ թվով աշխատակիցներ: Հասարակական շահերի գիտական կենտրոնի աշխատակից Քերըլայն Սմիթ Դըվալի խոսքերով, պետական ծառայությունները այս հարցում պետք է ստանձնեն ավելի մեծ պարտավորություններ: ԱՄՆ-ի ապրանքների անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Նենսի Նորդի խոսքերով, հետ ուղարկված 24 տեսակի բոլոր խաղալիքները ներկրված են եղել Չնասատանից:

«Ավելին կանեինք, եթե ունենայինք աշխատանքային ավելի մեծ հնարավորություններ», ասում է ԱՄՆ-ի ապրանքների անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Նենսի Նորդը։

Բուշը կառավարական հանձնաժողովին հրահանգել է 60 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ, առանց հավելյալ բյուջե պահանջելու:

XS
SM
MD
LG