Մատչելի հղումներ

Աշխարհում խորանում է կրոնական բաժանումը եւ մեծանում խղճի ազատության դեմ ոտնահարումների թիվը


Հադսընի հաստատության հրապարակած զեկույցի համաձայն, ուղիղ համեմատական կապ կա կրոնական ազատությունների եւ տվյալ երկրում տնտեսական իրավիճակի միջեւ: Ըստ Փյու հետազոտական կենտրոնի, անցած հինգ տարիների ընթացքում հինգ տոկոսով ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ասել են, թե հավատում են Աստծոն:

«Խղճի ազատությունը համարվում է ազատություններից առաջինը ու ամենահիմնականը, քանի որ այն արմատավորված է մարդու գիտակցության խորքերում: Այն վեր է որեւէ կառավարության կամ հասարակության որոշումներից», ասում է Աստվածաբան Մայքըլ Նովակը։

Իսկ 102 երկրներում Հադսընի հաստատության ուսումնասիրությունների համաձայն, խղճի ազատությունները աշխարհում անկում են ապրում: Փոլ Մարշըլը «Կրոնական ազատությունները» վերնագրով 550 էջանոց զեկույցի գլխավոր հեղինակն է.

«Կրոնական ազատությունների հարցով ամենավատ իրավիճակը տիրում է կոմունիստական Հյուսիսային Կորեայում ու Չինաստանում, ազգայնամոլ Բիրմայում ու Էրիտրիայում, արմատական մահմեդականությունը՝ Իրանում եւ Սաուդյան Արաբիայում»:

Մարշըլի խոսքերով, մերձավորարեւելյան ամբողջ տարածաշրջանը կրոնական ազատությունների հարցում ամենաճնշված շրջանն է, որին այսօր սպառնում է աճող արմատականությունը.

«Արմատական իսլամը աշխարհում խղճի ազատությունների դեմ ամենաարագ աճող սպառնալիքն է»:

Հաշվետվության համաձայն, խղճի ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում, Հունգարիայում, Իռլանդիայում են ԱՄՆ-ում: Չնայած Եւրոպան աշխարհում դեռես ամենաազատ հատվածներից մեկն է, իրադրությունն այստեղ վատթարանում է: Հոգեւոր հաստատությունը ներկայացնող Թեոդոր Մելըքն ասում է, թե կրոնական լավ քաղաքականությունը, տնտեսական լավ քաղաքականությունը եւ տնտեսական արդյունքը կապակցված են միմիյանց.

«Այժմ ունենք ապացույցներ, որ փակ կրոնական համակարգերում արգելակվում է տնտեսական զարգացումը: Տնտեսապես ամենավատ վիճակում են այն երկրները, որտեղ առավել վատ վիճակում են խղճի ազատությունները»:

Իսկ խղճի ազատությունը սովորաբար ուղիղ կապի մեջ է մարդու մյուս իրավունքների հետ: Կրոնական առավել ազատություններ ունեցող երկրներում ավելի քիչ են սոցիալական բախումները:

XS
SM
MD
LG