Այսօր, երբ էներգիայի գները շարունակում են բարձրանալ, ավելի ու ավելի մեծաթիվ մարդիկ են որոնում էներգիայի վրա ծախսվող գումարները կրճատելու ուղիներ: Այդ ուղիներից մեկն ԱՄՆ-ում բնության համար անվնաս, այսպես կոչված, ջերմոցային տներն են: Այսօր ճարտարապետության մեջ մեծ տեղ է հատկացվում խոշոր շենքերից առանձնատներին անցումը եւ ուշադրությունը սեւեռվում էներգիան խնայող ջերմոցային տների վրա:
«Ջերմոցային տներում կարեւոր է նյութերի ընտրությունը: Կարեւոր է, թե որտեղից է գալիս էներգիան, ինչ միջոցներ են կիկրառվում տունը ջերմացնելու եւ զովացնելու համար եւ ուր են գնում թափոնները», ասում է Ճարտարապետ Սյուզըն Փիդմոնթ-Փայադինոն։
Կառուցապատման ազգային թանգարանը ցուցադրության է հանել Կալիֆորնիայի ճարտարապետ Միշել Քաուֆմանի գծագրած ջերմոցային տան մի հատվածը։
«Այս հատվածը ամառային արեւը հեռու է պահում ապակիներից: Ձմռանը արեւի թույլ ջերմությունը սահում է ծածկի տակից ու ջերմացնում տունը», ասում է Ճարտարապետ Սյուզըն Փիդմոնթ-Փայադինոն:
Ցուցահանդեսը պատմում է նեաւ շինանյութերի եւ ներքին հարդարանքի ընտրության կարեւորության մասին: Կիրառվում է բնական խեժ եւ այնպիսի նյութեր, որոնք կրճատում են թունավոր նյութերի կլանումը: Հատակը պատրաստված է բամբուկից, որն աշխարհում ամենաարագաճ բույսն է: լուսավորությունն ամբողջությամբ ապահովում են ցերեկային լույսերը, որոնց տված ջերմությունը շատ ավելի փոքր է, քան սովորական լամպինը: Խոհանոցի շատ հատվածներ պատրաստված են թղթե նյութերից:
Ջերմոցային տների նկատմամբ մեծանում է գնորդների հետաքրքրությունը եւ մասնագետների խոսքերով, հաջորդ քայլը պետք է լինի նման տներով ամբողջ թաղամասերի կառուցումը, որոնք էներգիայի հարցում ե՛ւ արդյունավետ են ե՛ւ ունեն էներգիան փոխակերպելու միջոցներ: