Մատչելի հղումներ

Ներգաղթի օրենքների բարեփոխության առաջարկը պարտության է մատնվել Սենատում


ԱՄՆ-ի Սենատում անցկացված քվեարկության արդյունքում նախագահ Բուշի հավանությանն արժանացած ներգաղթի օրենքների բարեփոխության առաջարկը կրեց պարտություն՝ չկարողանալով հավաքել ձայների պարզ մեծամասնությունը:

Կապիտոլիումում գրեթե բոլորն են ընդունում, որ ինչ որ մի բան պիտի արվի ԱՄՆ-ում անօրինական կերպով բնակվող 1Ձ միլիոն անձանց խնդրով: Դրա ուղիների ընտրության հարցում է, որ սենատորները չեն կարողանում համաձայնվել: Դեմոկրատ սենատոր Թեդ Քենեդին պնդում է, որ նախագահ Բուշի առաջարկած եղանակը տալիս է երկրի ներգաղթի օրենքները բարեփոխելու ամենալավ հնարավորոթյունը.

«Եթե դեմ քվեարկենք բանաձեւին, կնշանակի հրաժարվում ենք հնարավորությունից ու վերադառնում ջունգլիի օրենքներին, քանի որ սահմանին իսկական ջունգլի է»:

Ոմանք պնդում են, որ բանաձեւը, նախատեսելով սահմանային խստացումներ, մյուս կողմից պարգեւատրում է ամերիկյան օրենքները խախտած անձանց:

«Արդեն սկսում եմ նեղվել այս ամենից: Ես չեմ ընդունում նման փոխզիջում: Նման փոխզիջում չի ընդունում նաեւ ԱՄՆ-ի ժողովուրդը», ասել է սենատոր Ջեֆ Սեշընսը։

Որոշ օրենսդիրներ գտնում են, որ ժամանակավոր աշխատավորներ ընդունող ծրագիրը կարող է բացասաբար ազդել աշխատավարձերի վրա, մյուսները՝ բողոքում այն կետի դեմ, որը նախատեսում է ներգաղթի համար գերապատվությունը տալ ոչ թե ընտանեկան կապերին, այլ՝ աշխատանքային հմտություններին: Արդյունքում, օրենսդրությունը չստացավ անհրաժեշտ 60 ձայնը:

Ձայների 45-ը 50-ի հարաբերությունը ցույց է տալիս, որ քվեարկության ժամանակ կուսակցությունները լիովին չեն եղել հակառակ դիրքերում:

«Մարդկանց գոհացնելու համար այսքան երկար ժամանակ էինք աշխատում այս բանաձեւի վրա, սակայն իրականում չկարողացանք գոհացնել», ասել է դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդը։

Սենատի մեծամասնության ղեկավար Ռիիդը սպառնացել էր բանաձեւը հանել օրակարգից դեռեւս մինչեւ քվեարկությունը, ասելով, թե Բուշը բավարար աշխատանք չէր տարել հանրապետականների աջակցությունն այս հարցում ստանալու համար:

«Ես կարող եմ ասել, որ նախագահը 100 տոկոսով աջակցում է մեզ այս բանաձեւն ընդունելու հարցում», ասել է Առեւտրի նախարար Կարլոս Գուտիերեզը։

Կուբայում ծնված Կարլոս Գուտիերեզը ներգաղթի օրենքների բարեփոխությունը համարում է անհրաժեշտություն եւ հայտարարում, որ ներկայումս բոլոր կողմերն աշխատում են բանաձեւը նորից Սենատի լիագումար նիստի քվեարկությանը դնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG