Մատչելի հղումներ

Գերմանիան նախապատրաստվում է հյուրընկալել Մեծ ութնյակի գագաթաժողովը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը չորեքշաբթի օրը հյուրընկալելու է Մեծ ութնյակի՝ արդյունաբերական խոշոր յոթ երկրների եւ Ռուսաստանի ղեկավարներին: Սակայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացումը կանխատեսում է սառը մթնոլորտ:

Իրադրությունն այդպես չէր մեկ տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում, որպես պատմական խոշոր քայլ Ռուսաստանի համար, Մեծ ութնյակին ընդունեց Վլադիմիր Պուտինը: Ութնյակի մյուս անդամներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան: Սակայն անցած այս ընթացքում Ռուսաստանը սկսեց ճնշամիջոցներ ընդդեմ այլախւհության, իսկ Իրանի, Կոսովոյի եւ հրթիռային պաշտպանական համակարգի հարցերում հակադրվեց Արեւմուտքի հետ: Ռուսաստանի հարցերով մասնագետ Դեյվիդ Սեթըրն ասում է, թե հարկավոր է, որ արեւմտյան ղեկավարները Պուտինի հետ խիստ խոսեն.

«Հարկավոր է ռուսներին պարզ ասել, թե մենք պնդում ենք հավատարիմ մնալ այն կազմակերպության սկզբունքներին, որի մի մասն են նրանք կազմում»:

Նրա խոսքերով, Ռուսաստանին երբեք պետք չէր ընդունել այս կազմակերպության անդամ.

«Մեծ ութնյակը արդյունաբերապես զարգացած երկրների կազմակերպություն է եւ Ռուսաստանն այստեղ տնտեսապես չի համապատասխանում, չնայած նավթից ու գազից ստացվող նրա մեծ եկամուտներին»:

Գերմանիայի կանցլեր Մերքելը ցանկանում է հանդիպումը կենտրոնացնել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու եւ աֆրիկյան երկրներին օգնելու հարցերի վրա: Համաշխարհային տնտեսության մասնագետ Քոլին Բրեդֆորդը գտնում է, որ երկրագնդի ջերմության հարցով հնարավոր է առաջընթաց, քանի որ նախագահ Բուշը փոփոխության է ենթարկել ածխածնի արտանետումների շուրջ իր տեսակետները:

«2006 թվականի ընտրություններից ի վեր, փոխվում է երկրագնդի կլիմայական փոփոխության հարցի նկատմամբ Ամերիկայի դիրքորոշումը։ Այս քննարկումը կարելի է անվանել «Մեծ ութնյակ գումարած հինգ», քանի որ, առաջին անգամը լինելով, մասնակցելու են նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը»:

Բրեդֆորդը կարծում է, թե Մեծ ութնյակը համաշխարհային ավելի մեծ մարմնի վերածելու համար, հարկավոր է ընդլայնել այն: Սակայն քանի դեռ կան խնդիրներ Ռուսաստանի հետ, մոտ ժամանակներս դա տեղի չի ունենա:

XS
SM
MD
LG