Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը նոր զգուշացում է արել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մտադիր է, Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու նպատակով, աշխատանքներ սկսել դաշնակից պետությունների հետ: Նա այս մտադրության մասին տեղեկացրեց, երբ, անետեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջնաժամկետը, Թեհրանը հայտարարեց միջուկային իր ծրագրերը շարունակելու մասին:

Իրանը խոստացել է շարունակել ուրանի հարստացման իր ծրագիրը: Չնայած հարստացված ուրանը հնարավոր է կիրառել միջուկային զենքեր արտադրելու համար, Թեհրանը պնդում է, թե ունի զուտ խաղաղ նպատակներ: Իրանի նախագահը մայիսի 24-ին հայտարարեց, թե իր երկիրը չի շեղվելու ընտրած ուղուց: Նա այս հայտարարությամբ նաե հանդես եկավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Մուհամեդ Էլբարադեյը հորդորեց Թեհրանին ընդհատել ուրանի հարստացման ծրագիրը:

«Կուզենայինք, որ Իրանը լսեր միջազգային համայնքին ու դադարեցներ ուրանի հարստացման գործընթացը: Սակայն միջազգային համայնքն էլ պիտի ուղիներ որոնի Իրանի հետ ընդունելի երկխոսություն սկսելու համար», ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մուհամեդ Էլբարադեյը։

Իսկ Սպիտակ Տանը նախագահ Բուշը հանդես եկավ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքով.

«Աշխարհն ասել է միջուկային զենքերի ծրագրերից հրաժարվելու մասին իր խոսքը: Սակայն քանի որ նրանք անտեսում են այդ պահանջը, հարկավոր է խստացնել պատժամիջոցները»:

Լավարծությունն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի է սրվում: Ամերիկայի մի քանի քաղաքացիների Իրանում վերջերս ձերբակալելու փաստը հավելյալ մտահոգության առիթ է Բուշի համար։

«Անմեղ մարդկանց ձերբակալելու հանգամանքն անընդունելի է: Եւ մենք Իրանի կառավարությանը հստակ ասել ենք, որ ընդունելի վարքագիծ չէ ամերիկացի պարկեշտ անձանց կալանելու փաստը», ասել է նախագահ Բուշը։

Իսկ այս պահին, ռազմածովային բազմահազարանոց ուժերով բեռնված, ամերիկյան ռազմանավերը մուտք են գործել Պարսից ծոց, ինչը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով, ուժի ցուցադրում է:

XS
SM
MD
LG