Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների Սենատը քննարկում է ներգաղթի նոր բանաձեւը


ԱՄՆ-ի Սենատը երկուշաբթի օրը սկսեց ներգաղթի օրենքի բարեփոխության շուրջ քննարկումները: Սպիտակ Տունը եւ մեծաթիվ սենատորներ ցանկանում են օրենքն ընդունել մինչեւ այս ամսվա վերջը, սակայն ոմանք՝ պնդում, որ այն ունի թերի մասեր:

Սենատում այս օրենսդրության դեմ հանդես եկողները գտնում են, որ պետք է փոփոխության ենթարկել արդեն այստեղ գտնվող անօրինական փախստականներին անմիջապես օրինական կարգավիճակ տալու մասին կետը:

Մյուսները պնդում են, թե բանաձեւի առավելությունն այն է, որ նախատեսում է սահմանային հսկողության ամրապնդում եւ անօրինական փախստականներին աշխատանքի ընդունելու մասին խիստ կանոններ: Դեմոկրատ սենատոր Բեն Նելսընը պնդում է, որ նախ հարկավոր է ամրացնել սահմանային հսկողությունը.

«Այս խոսակցությունների պատճառով սահմանն անօինական կերպով անցնողների թիվը կտրուկ կավելանա: Կարծում եմ, ավելի լավ կլիներ նախ մտածել սահմանն ամրացնելու մասին»։

Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռիիդը, չնայած որոշ վերապահությունների, բանաձեւի ընդունումը կարեւոր պայման է համարում.

«Այն կամրացնի մեր սահմանները, ուժի մեջ կմտցնի աշխատանքի ընդունման ընդունելի ձեւեր, կտա նոր աշխատավորներին ժամանակավորապես ԱՄՆ ընդունելու եւ 1Ձ միլիոն անօրինական փախստականներին՝ ստվերի տակից դուրս գալու հնարավորություն»։

Բանաձեւի կողմնակիցները չեն կարծում, որ այն անսահման արտոնություններ է տալիս առանց փաստաթղթերի անձանց, շեշտելով այն կետը, ըստ որի, փաստաթղթերի համար յուրաքանչյուրը պիտի մուծի հինգ հազար դոլար: Ներկայացուցիչների Պալատի նախագահ Նենսի Փելոսին դեմ է որոշման բանաձեւի այն կետին, որը ընտանիքների վերամիավորումից առաջ, նախապատվություն է տալիս հմտություններին ու կրթության մակարդակին:

«Այս բանաձեւով ոտնահարվում է Ամերիկայի ներգաղթի օրենքներում ընտանիքների վերամիավորման արմատական սկզբունքը», ասում է Ներկայացուցիչների Պալատի նախագահ Նենսի Փելոսին։

Նախագահ Բուշը, որը մեծ նշանակություն է տալիս ներգաղթի օրենքում փոփոխություններին, կարծում է, որ օրենքում բարեփոխություն կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում:

XS
SM
MD
LG