Մատչելի հղումներ

Ժողովրդավարություն Թուրքիայում


Թուրքիայի սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլին երկրի նախագահի պաշտոնում ընտրելու խորհրդարանի քվեարկությունը: Ըստ Թուրքիայի քաղաքական համակարգի, երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը: Սահմանադրական դատարանը հայտարարեց, թե նախագահական ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանում չի եղել անհրաժեշտ քվորում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության բոյկոտի պատճառով, 550 տեղանոց խորհրդարանում քվեարկության ժամանակ ներկա էր միայն 361 պատգամավոր:

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, այս հարցը լուծելու համար, կոչ է անում հունիս ամսին անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Աշխարհիկ ժողովրդավարությանը սատարող հարյուր հազարավոր մարդիկ դուրս ելան երթի Թուրքիայի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում: Վանկարկելով «ո՛չ շարիային», «ո՛չ ռազմական հեղաշրջմանը» կոչերը՝ նրանք իրենց աջակցությունը հայտնեցին աշխարհիկ սկզբունքներին եւ ընտրություններում սահմանադրական գործընթացներին: Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մահմեդական են, սակայն այս երկիրն աշխարհիկ պետություն է 1923 թվականից ի վեր:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Շոն Մաքքորմըքը ասում է, թե Թուրքիայում ընտրությունները երկրի ժողովրդին տալիս են օրենքի սահմաններում որոշում կայացնելու հնարավորություն:

«Մենք հավատում ենք Թուրքիայի սահմանադրական գործընթացներին ու աշխարհիկ ժողովրդավարությանը եւ վստահ ենք, որ քվեարկության եւ Թուրքիայի հաջորդ նախագահին ընտրելու հարցում առաջ եկած քաղաքական հարցերը կլուծվեն Թուրքիայի օրենքներով եւ համաձայն սահմանադրության», - ասել է նա:

Նրա խոսքերով, Թուրքիան ունի ժողովրդավարության ավանդույթներ եւ ԱՄՆ-ը խրախուսում է Թուրքիայի բոլոր քաղաքացիներին մասնակցել երկրի ժողովրդավարությանը՝ համաձայն իրենց սահմանադրության եւ օրենքների:

XS
SM
MD
LG