Մատչելի հղումներ

 
Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշի հայ ժողովրդին հղած   ամենամյա ուղերձը եղեռնի զոհերի հիշատակին

Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշի հայ ժողովրդին հղած   ամենամյա ուղերձը եղեռնի զոհերի հիշատակին


՛՛Ամեն տարի այս օրը մի պահ կանգ ենք առնում՝ հարգելու ՁՕ-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկին զոհ գնացած այն մեկ եւ կես միլիոն հայերի հիշատակը, ովքեր Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիներին իրենց կյանքը կորցրին զանգվածային սպանությունների եւ բռնի աքսորի արդյունքում:

Ես միանում եմ համերկրացիներիս եւ աշխարհով մեկ բոլոր հայերին՝ հիշելու այս ողբերգությունը եւ հարգելու անմեղ զոհերի հիշատակը: Աշխարհը երբեք չպետք է մոռանա պատմության այս ցավալի բաժինը:

Բոլոր նրանք, ովքեր փայփայում են ազատությունը եւ գնահատում մարդկային կյանքի սուրբ բնույթը, սարսափելի այս իրադարձությունները հիշում են վշտով ու դժվարությամբ պատկերացնում նման դաժանություններ: Փրկվածներից շատերը ստիպված եղան հեռանալ իրենց նախնիների հայրենիքից եւ ցրվել ամբողջ աշխարհում: Սոսկալի այս պայքարի ընթացքում աշախարհը դարձավ հայ ժողովրդի անսաստելի կամքի ու բնավորության ականատեսը: Խիզախ փրկվածներից շատերը եկան Ամերիկա՝ այստեղ պահելով իրենց պատմության ու մշակույթի հետ ամուր կապը: Միացյալ Նահանգներում հայերի մի քանի սերունդ հարստացրին մեր երկիրը եւ ոգեշնչեցին մեզ իրենց խիզախությամբ ու համոզմունքով:

Այսօր մենք հիշում ենք անցյալը՝ միեւնույն ժամանակ ավելի պայծառ ապագային նայելով: Ողջունում ենք հայ եւ թուրք անհատ անձանց, ովքեր աշխատանքներ են տանում իրենց երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Օսմանյան ժամանակաշրջանի վերջին փուլում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անկեղծ ու բացահայտ քննությունը այս գործըթացի էական մասերից մեկն է: Միացյալ Նահանգները աջակցում եւ խրախուսում է նրանց, ովքեր ավելի հուսադրիչ ապագայի հիմքեր դնելու համար, աշխատում են կառուցել պատմության շուրջ ընդունելի դիրքորոշում:

Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր ու աշխույժ կապերը: Մեր երկիրը երախտապարտ է ահաբեկչության դեմ պատերազմում Հայաստանի մատուցած ծառայությունների, հատկապես Իրաքում խաղաղություն եւ ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատելու իր դիրքորոշմանը: Նաեւ աշխատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը եւ տնտեսական բարեփոխություններին զարկ տալու ուղղությամբ՝ առաջ տանելու ազատության եւ արդարության սկզբունքը:

Լաուրան եւ ես այս մռայլ օրը մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին ամբողջ աշխարհում: Մենք միասնական ենք ավելի խաղաղ, ավելի բարգավաճ եւ ավելի արդար աշխարհ կառուցելու մեր գաղափարի շուրջ՝՝:

Ջորջ Բուշ

XS
SM
MD
LG