Մայիսի Յ-ին Մամուլի ազատության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդգծում է մամուլի ազատությունը պաշտպանելու կարեւորությունը եւ աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության տարածման բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքը:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունն անց է կացնում դասընթացներ ու մարզումներ աշխարհի շատ երկրների լրագրողների, խմբագիրների ու մամուլի տարբեր միջոցների պատասխանատուների համար, իրականացնում մասնագետների եւ քաղաքացիական կրթական ծրագրերի փոխանակումներ, օժանդակություն տրամադրում պետության վերահսկողությունից դուրս գտնվող ռադիոհեռուստատեսային հաղորդումներին:
Միացյալ Նահանգները բողոքում է, երբ մամուլի ազատությունը հայտնվում է վտանգի տակ:
Համաձայն ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, 2006 թվականը լրագրողների համար եղել է ամենաարյունալի տարին: Մեկ տարվա ընթացքում աշխարհում սպանել են մամուլի ավելի քան հարյուր հիսուն աշխատակցի: Իրենց գործունեության համար ձերբակալվել, հարձակումների ու սպառնալիքների են ենթարկվել մամուլի հարյուրավոր աշխատակիցներ:
Այս տարի Մամուլի ազատության միջազգային օրվա գլխավոր հանդիսությունները տեղի են ունենալու Կոլումբիայի Մեդելին քաղաքում: Անց է կացվելու «Լրագրողների անվտանգությունը եւ անպատժելիությունը» վերտառությամբ վեհաժողով: ՅՈՒՆԵՍԿՈ-ն հետմահու Գիյերմո Կանոյի անվան Մամուլի ազատության մրցանակ է հանձնելու Մոսկվայում 2006 թվականի հոկտեմբեր ամսին սպանված ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայային:
Նրա սպանությունից հետո նախագահ Ջորջ Բուշն ասել է, «թե մարդու իրավունքների ոտնահարումները ու կաշառարության երեւույթները վեր հանելու Պոլիտկովսկայայի ջանքերը մարտահրավեր են դարձել իր ռուս գործընկերների եւ բոլորիս համար, որպես անհատներ ու հասարակություններ, պայքարելու ընդդեմ չարիքի եւ հանուն արդարության»:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսն ասում է, թե «չկա ժողովրդավարության համար ավելի կարեւոր հենարան, քան ազատ ու գործուն մամուլը».
«Մեր երկրի հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը մամուլն անվանել է «չորրորդ իշխանություն», նկատի ունենալով, որ առանց ազատ ու գործուն մամուլի, մարդիկ չեն կարող լինել վստահ, որ իրենց տեսակետները հասանելի են իրենց ղեկավարներին, ղեկավարների տեսակետները՝ ժողովրդին: Լավ է, երբ մամուլը դառնում է գործուն քննարկումների, հետազոտող ու խորքային լրատվության բեմահարթակ: Հաճախ լրագրողները հայտնվում են աշխարհի ամենադժվար հակամարտությունների առաջնային գծերում, նորություններ հաղորդելու համար երբեմն զոհաբերում ամենաթանկը՝ սեփական կյանքը»:
Քոնդոլիզա Ռայսն այնուհետեւ շարունակում է. «Այն երկրներում, որոնք դեռեւս ազատ չեն, հաճախ լրագրողներն են, ովքեր ազատության համար գնում են նման զոհողությունների»: