Մատչելի հղումներ

CBS-ի ղեկավարությունը   դադարեցնել է Դոն Այմըսի ռադիոծրագիրը


Վերջերս աշխատանքից հեռացրին մի ռադիոհաղորդաշարի մեծ ճանաչում ունեցող հաղորդավարի, բասկետբոլի կանանց մի թիմի անդամների մասին վիրավորական արտահայտություն անելու պատճառով: Ուրեմն ո՞րն է նման խոսքեր կիրառելու թույլատրելիության սահմանը:

Երբ գլխավոր հովանավորները հրաժարվեցին կայանից, CBS-ի ղեկավարությունը հայտարարեց Դոն Այմըսի առավոտյան ռադիոշոուն ընդհանրապես դադարեցնելու որոշման մասին: Ավելի վաղ MSNBC-ն էր դադարեցրել հաղորդաշարի զուգահեռ ցուցադրումը: Պատճառը դրանից մեկ շաբաթ առաջ Ռաթգըրզի համալսարանի կանանց բասկետբոլի թիմի անդամների մասին Այմըսի արտասանած անհարգի խոսքերն էին.

«Պիտի ասեմ, որ նրանք գանգրամազ անբարոյականներ են»:

Հինգշաբթի երեկոյան Այմըսը հանդիպեց խմբի անդամներին ու մարզչին.

«Սրտիս խորքում ես չեմ ունեցել վիրավորելու նպատակ եւ ուզում եմ այս երիտասարդ կանանց բացատրել, թե իրականում ով եմ ես»:

Մարզիչ Վիվիան Ստրինգըրի խոսքերով, հանդիպումը արդյունավետ էր, իսկ մարզիկները ցանկանում են մոռանալ Այմըս խոսքերը: Սակայն սա առաջին անգամը չէր, որ Այմըսի մեկնաբանություններն առաջ են բերում դժգոհություն: Քաղաքացիական իրավունքների ջատագով, Վերապատվելի Ալ Շարփթոնն ասում է.

«Եթե այս գործն ավարտվի առանց պատժի, մեկ ուրիշն ավելի վատ բաներ կասի, հետո՝ կխնդրի ներողություն»:

Այմըսի կողմնակիցներն ասում են, որ նրա նկատմամբ հակազդեցությունը չափից մեծ էր: Մեկ այլ ռադիոհաղորդավար Լարրի Էլդըրն ասում է.

«Պատժաչափը չի համապատասխանում մեղքի ծանրությանը: Ճիշտ է, ռասիստական էին նրա խոսքերը եւ անբարոյական, բայց չէ որ ներողություն է խնդրել»:

CBS-ի նորությունների բաժինը տեղեկացնում է, որ Այմըսի հաղորդաշարն ամեն տարի կայանին բերում էր 15 միլիոն դոլարի եկամուտ: Այմըսը ռադիոյում էր աշխատում արդեն 4Օ տարի եւ Ազգային հեռահաղորդակցության պատվո անդամներից էր:

Սակայն կայացված պատիժը նրան չի զրկում եթեր դուրս գալու իրավունքից, ու կարող է շարունակել գործը այլ կայաններից եւ արբանյակային ռադիոյով:

XS
SM
MD
LG