Մատչելի հղումներ

Հալլիբըրթըն ընկերությունը տեղափոխվում է Դուբայ


Ամերիկյան Հալլիբըրթըն նավթային ծառայությունների ընկերությունը, որը պայմանագրային մեծ պարտավորություններ ունի Իրաքում, իր կենտրոնակայանը ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթըն քաղաքից տեղափոխում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը։ Ընկերության ղեկավարները դա համարում են գործնական քայլ, մինչդեռ շատերը՝ քննադատում ընկերությանը ընչաքաղցության մեջ։

Աշխարհի տարբեր հատվածներում գտնվող Հալլիբըրթընի նավթահանքերից ստացված 13 միլիարդ դոլարի եկամուտների 38 տոկոսն անցյալ տարի բաժին է հասել արեւելյան կիսագնդի երկրներին։ Հալլիբըրթըն ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Լեզարն ասում է, որ նավթաշատ տարածաշրջաններում այս գործարարությունը զարգացնելու հանգամանքը կհավասարակշռի Հալլիբըրթընի ընդհանուր ներդրումների մակարդակը։ Նա ասել է.

՛՛Այժմ ճանապարհ ենք կառուցում Իռլանդիայում, երկաթուղի՝ Ավստրալիայում, նավեր՝ Բրազիլիայում՝՝։

Հալլիբըրթընը ԱՄՆ-ի զինված ուժերի հետ հինգ տարի ժամկետով 16 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել։ Սակայն ընկերությունների այս միության նկատմամբ սկսվել է հետաքննություն այն կասկածներով, որ ԱՄՆ-ի կառավարությունից անօրինական եղանակով այն գանձել է 3 միլիարդ դոլարի չափով հավելյալ գումարներ։

Կոնգրեսական Հենրի Ուոքմընն ասում է.

՛՛Մեր հանձնաժողովը հարկատուների առջեւ ունի մեծ պարտավորություն, որ նրանց վճարած հարկերը ճիշտ օգտագործվեն՝՝։

Կարծիք կա նաեւ, որ Դուբայ տեղափոխվելով, Հալլիբըրթընը ցանկանում է խուսափել ամերիկյան հարկերից։ Սենատոր Բրայըն Դորգըն ասում է.

՛՛Օվկիանոսից այն կողմ տեղափոխվելու հանգամանքը վայելուչ չէ մի ընկերության համար, որը էական շահ ունի զինված ուժերի հետ կնքած պայմանագրերից՝՝։

Հալլիբըրթընը պնդում է, թե գրանցված կմնա ԱՄՆ-ում ու կշարունակի հարկային պարտավորությունները։ Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Քեթլին Գեցն ասում է.

՚՛՛Քանի որ Հալլիբըրթընը նավթարդյունահանող ընկերություն է, նրա գլխավոր գրասենյակների տեղափոխումը Մերձավոր Արեւելք տրամաբանական է՝՝։

Տրամաբանական է նաեւ այն հարցը, թե արդյո՞ք կարելի է ԱՄՆ-ի զինված ուժերին ծառայություններ մատուցելու գործում վստահել օտար երկրում գործող ընկերությանը։

Այս ընկերության ղեկավարը, մինչեւ ԱՄՆ-ի փոխնախագահ դառնալը, Դիք Չեյնին էր։ Նախագահ Բուշի վարչակազմին այսօր մեղադրում են այս ընկերությանը առանց մրցույթի նման շահավետ պայմանագրեր շնորհելու մեջ։ Սպիտակ Տունը հերքում է մեղադրանքները։

XS
SM
MD
LG