Իրաքում հակամարտության բնույթը փոխվելու հետեւանքով ամերիկացի ավելի մեծ թվով կին զինվորներ են դիմակայում իրենց կյանքին սպառնացող կացություն։
Վաղ առավոտ է Փերիս այլընդում եւ այս կանայք, ովքեր Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նորակոչիկներ են, տասներկու շաբաթյա զինվորական մարզումից հետո հոգնած վիճակում են։ Ամեն օր զինվորական հենակայան են ժամանում 4600 նորակոչիկներ, որոնցից ընդամենը 600 –ն են կին։
Չնայած կանանց առանձնացնում են տղամարդկանցից, նրանց մարզման լարվածությունը գրեթե համազոր է տղամարդկանց մարզվելուն։ Տասնիննամյա Հոուփ Քուինթանան զինվորական հենակայանում է վեց շաբաթ.
՚՚Ես պարզապես ցանկանում էի նոր փորձառություն։ Մայրս նույնպես այս միտքը տվեց ինձ եւ ասաց, որ իսկապես լավ կլինի նոր աչքերով նայել կյանքին՚՚։
Նորակոչիկները պետք է ունենան ֆիզիկական ամրության բարձր տվյալներ, որոնց թվում է երկար տարածության վազքն ու լողը զինվորական համազգեստով, կոշիկներով եւ մեջքի պայուսակով։ Նրանք նաեւ պետք է հանձնեն 54 ժամ մարտական դիմացկունության քննություն։
Նորակոչիկ Ջաքի Ջո Անդերսոնն այն կարծիքին է, որ զինվորական մարզումն ավելի դժվար է կանանց համար.
՚՚Տղամարդիկ բնականից ունեն այդ վստահությունը։ Կանայք միտում ունեն նյարդայնանալու, վստահ չեն իրենց ուժերին, ամեն ինչ վերլուծում են չափից ավելի՚՚։
Նորակոչիկներին, ում առաջնորդում են կին հրահանգիչները, մղում են արձագանքելու ճնշման տակ եւ կատարելու առաջադրանքներ, նրանց մեջ կոլեկտիվ աշխատանքի եւ առաջնորդելու զգացում ներարկելու նպատակով։ Ամերիկյան բանակում կանանց չեն թույլատրում կռվել ճակատային գծի ցամաքային մարտերում։
Սակայն նրանք աշխատում են աջակցող ծառայություններում, զինվորական ավտոմեքենաներ վարելուց մինչեւ մարտական ինքնաթիռներ վարելը, որը նրանց դնում է վտանգավոր կացություններում՝ հատկապես Իրաքում։ Տասնիննամյա նորակոչիկ Անդրեա Բոուսմանն այդ առնչությամբ մտահոգ է.
՚՚Եթե իմ ընտրությունը լիներ, ապա Իրաք չէի գնա, սակայն եթե ինձ այնտեղ ուղարկեն, վերստին լավ է։ Հպարտ կլինեմ այնտեղ գնալու եւ հանուն հայրենիքիս ռազմածովային ուժերում ծառայելու համար՚՚։
Փերիս Այլընդի կին նորակոչիկների 16 տոկոսն իր մարզումը չի ավարտում, հիմնականում վնասվածքներ ստանալու պատճառով։ Սակայն մարզումն ավարտած նրանց մեծամասնությունը ձեռք է բերում հպարտության, վստահության զգացում, որը նախկինում չունեին։