Մատչելի հղումներ

ԱՄՆ սենատի հանձնաժողովում  կայացած ունկնդրությունը


Ֆինանսական հատկացումների հարցերով Միացյալ Նահանգների սենատի հանձնաժողովն իր առաջին ուկնդրությունը կայացրեց Իրաքում եւ Աֆղանստանում հավելյալ ռազմական ֆինանսավորման Բուշի վարչակազմի խնդրանքի շուրջ։

Ֆինանսական հատկացումների հարցերով սենատի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Բըրդն ուկնդրության ժամանակ դիմելով նախագահի բարձրաստիճան խորհրդականներին քննադատեց, իր բնութագրմամբ, Իրաքում ՚՚ձախողված քաղաքականության համար՚՚.

՚՚Նախագահի ծրագրով չկա Իրաքում պատերազմին վերջ դնելու, ամերիկյան զինուժի վերատեղակայման, դիվանագիտական ջանքերի, տարածաշրջանում անվտանգությունը բարելավելու նպատակով միջազգային մեր գործընկերներին ընդգրկելու որեւէ ծրագիր։ Նախագահը միայն խնդրում է հավելյալ գումար հատկացնել զինուժի եւ վերակառուցման անարդյունավետ ջանքերի համար՚՚։

Նախագահն Բուշն ասում է, թե անհրաժեշտ է 100 միլիարդ դոլար գումար, մասամբ բանակի վեց հավելյալ զորախումբ ուղարկելու համար Բաղդադ եւ Անբարի գավառ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն ասաց, թե գումարն անհրաժեշտ է Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան զինուժի հաջողությունն ապահովելու համար.

՚՚Հավելյալ հատկացումների այս խնդրանքը ժամանակին բավարարելը կարեւոր է երաշխավորելու, որպեսզի մեր զինուժը մարտերում ունենա անհրաժեշտ միջոցները՚՚։

93 միլիարդ 400 միլիոն դոլար լրացուցիչ գումարի խնդրանքը հավելում է պատերազմի հետ առնչված ծախսերի համար այս տարի արդե՛ն իսկ հատկացված 70 միլիարդ դոլար գումարին։ ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը սենատորներին ասաց, որ Միացյալ Նահանգներն Իրաքի հարեւաններին, այդ թվում Սիրիային եւ Իրանին պատրաստվում է ներգրավել տարածաշրջանը կայունացնելու նպատակով բանակցություններում.

՚՚Իրաքում կատարվող բռնարարքները մեծ ազդեցություն են գործում նրա հարեւանների վրա։ Իրաքի հարեւան երկրներն ու միջազգային համայնքը հստակ դերակատարում ունեն այդ երկրում խաղաղություն հաստատելու եւ ազգային հաշտեցման ջանքերին աջակցելու խնդրում՚՚։

Ակնկալվում է, որ չնայած դիվանագիտական այս նոր նախաձեռնությանը, պատերազմի համար հավելյալ գումար հատկացնելու նախագահի խնդրանքը սուր քննադատություն կդիմակայի, երբ վերսկսվեն բյուջեի շուրջ ունկնդրությունները։

XS
SM
MD
LG