Վերջերս Միացյալ Նահանգներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խստորեն քննադատելը հարցեր են հարուցել Կրեմլի մտադրությունների ու Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ հարաբերությունների կացության առնչությամբ։
Վերջերս Մյունխենում կայացած Անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ խորհրդաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնին մեղադրեց տնտեսական, քաղաքական եւ կրթական իր քաղաքականությունն այլ երկրների հարկադրելու մեջ.
՚՚Անշուշտ, սա չափազանց վտանգավոր է։ Սա հանգեցնում է կացության, ուր ոչ մի երկիր իրեն ապահով չի զգում։ Քանի որ ոչ մի երկիր ապաստան չի գտնի միջազգային օրենքի ներքո։ Անշուշտ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնում է զինամրցավազքի՚՚։
Վաշինգտոնում նախագահ Բուշն ասաց, թե պարոն Պուտինը մնում է նույն ուժեղ կամքի տեր մարդը, ում մասին պարոն Բուշը 2001 թվականին ասել է, թե վստահելի անձ է.
՚՚Նա անձ է, ում հետ ունեցել ենք թե՛ համաձայնություններ, եւ թե՛ տարաձայնություններ մեր նախագահության տարիներին։ Ես փորձել եմ Վլադմիրին համոզել, որ ՆԱՏՕ-ն դրական ազդեցություն է, եւ լավ է որպեսզի Ռուսաստանի հարեւան երկրներն ունենան այն՚՚։
Սակայն Կրեմլի ղեկավարներն այն կարծիքին են, որ ՆԱՏՕ-ն լուրջ սադրանք է, որն օգնում է ստեղծել բաժանումներ Եւրոպայում։ Բայց Լիտվայի նախագահ Վալդուս Ադամկուսն անտեսում է Մյունխենում պարոն Պուտինի ճառը.
՚՚Կարծում եմ, սա ազատ ժողովուրդներին չի շեղի իր նպատակներից, ուղղությունից՝ որով գնում ենք միասին՚՚։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնն ասում է, թե չի հասկանում նախագահ Պուտինի ելույթի պատճառները.
՚՚Քանի որ Պուտինի ճառը չի արտացոլում երկկողմ հարաբերությունների իրական կարգավիճակը եւ բազմաթիվ բնագավառներում մեր ունեցած համագործակցությունը, մեր հավաստիացումները, որ հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չէ Ռուսաստանի, կամ նրա միջուկային կարողությունների դեմ՚՚։
Դեսպան Բոլթոնն ասում է, թե Մյունխենում պարոն Պուտինի ճառը նշանակում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական նոր աշխատանք պետք է տանի Ռուսաստանի հետ։