Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ծրագրում է նվազեցնել նավթի իր կախվածությունն օտար երկրներից


Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգների դիմակայած ամենամեծ դժվարությունը հատկապես օտար երկրներից ներկրվող նավթից կախվածությունը նվազեցնելն է: Այսպիսի կախվածությունը, ասել է նախագահը, Միացյալ Նահանգները խոցելի է դարձնում թշնամի երկրների կառավարությունների գործողությունների նկատմամբ.

՚՚Այլ խոսքերով ասած, երբ ինչ-որ երկիր կամ երկրներ չեն սիրում մեզ եւ նավթ արտադրող երկիր են, ապա կարող են որոշել ինչ-որ բան անել այդ առնչությամբ, ու կարող են վնասել մեզ: Անշուշտ չեք ցանկանա, որպեսզի ձեր նախագահը նստի Սպիտակ Տանը եւ մտահոգվի թշնամի երկրի վարչակարգի գործունեությունով, որը կարող է ամեն կարգի ներգործություն ունենալ մեր անվտանգության վրա, տնտեսական ապահովությունից սկսած՚՚:

oտար երկրների նավթից մեր կախվածությունը, ասել է պարոն Բուշը, Միացյալ Նահանգները նաեւ ավելի խոցելի է դարձնում ահաբեկիչներից.

՚՚Եթե ահաբեկիչները կարողանան ոչնչացնել ենթակառույց աշխարհի որեւէ այլ երկրում, այն կներգործի ԱՄՆ-ում ամերիկացիների կողմից գնվող բենզինի գների վրա: Ահաբեկիչները մեր դեմ հարձակումներ են գործել դաժան ձեւերով. նրանք մեր դեմ հարձակվել են մարդատար օդանավերով, որոնք մխրճել են մեր շենքերի մեջ: Սակայն մենք նաեւ խոցելի ենք եղել աշխարհի տարբեր երկրներում ենթակառույցի դեմ նրանց հարձակումների պատճառով, որոնց հետեւանքով բենզինի դիմաց ամերիկացիների վճարած գինն ավելանում է՚՚՚:

Նավթի մատակարարման ընդհատումներից Միացյալ Նահանգների խոցելիությունն ապագայում նվազեցնելու նպատակով, Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը շուտով կսկսի կրկնապատկել երկրի նավթի ռազմավարական պաշարները, եւ արտակարգ իրադրությունների համար պահվող նավթի պաշարները մինչեւ 2007 թվականը հասցնել մոտավորապես մինչեւ մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն տակառի:

Միացյալ Նահանգներն արդե՛ն իսկ հարյուր միլիոն տակառով ավելացրել է ներկայումս յոթ հարյուր միլիոն տակառ կազմող իր պաշարին: Նախագահ Բուշը կոնգրեսին խնդրել է աջակցել, որպեսզի ընդլայնեն երկրի վառելանյութերի այլընտրանքային պաշարները, ինչպես օրինակ, եգիպտացորենից ստացվող էթիլային սպիրտի՝ ալկոհոլի վրա հիմնված վառելանյութի պաշարն է:

Նա նաեւ կոչ է արել արդիականացնել ավտոմեքենաների վառելանյութի խնայման չափանիշները, որի շնորհիվ հաջորդ տասը տարում հնարավոր է խնայել միլիարդավոր լիտր բենզին.

՚՚Այս քայլերը ձեռնարկելու դեպքում՚՚, ասել է նախագահ Բուշը, ՚՚մենը կարող ենք օգնել, որպեսզի հասնենք մեծ նպատակի. բենզինի օգտագործումը Միացյալ Նահանգներում նվազեցնենք մինչեւ քսան տոկոսով հաջորդ տասը տարում, եւ Մերձավոր Արեւելքից ներկայումս նավթի մեր ամբողջ ներկրումները կրճատենք մինչեւ 75 տոկոսով":

XS
SM
MD
LG