Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթը երկրի ընդհանուր կացության մասին


Նախագահ Բուշը Միացյալ Նահանգների կոնգրեսին հորդորում է Իրաքի իր նոր ծրագրին հաջողության հնարավորություն տալ։

Նախագահ Բուշը երեկ կոնգրեսի զույգ պալատների ջերմ ընդունելությանն արժանացավ։ Նա նշեց, որ օրենսդիրներն ու վարչակազմը հակառակ իրենց միջեւ առկա տարբերություններին կարող են միասին աշխատել, հասնելով մեծ նվաճումների, ներառյալ, ասաց նա, պետական բյուջեյի հավասարակշռումը առանց եկամտահարկերի բարձրացման.

՛՛Անհրաժեշտ է կարգապահություն մտցնել պետական ծախսումների ծրագրերում։ Մենք ծրագրել էինք բյուջեյի պակասորդը կիսով չափ նվազեցնել մինչեւ 2ՕՕ9 թվականը եւ այդ ծրագիրը իրագործեցինք նախատեսվածից երեք տարի առաջ՛՛։

Պրն Բուշն ասաց, որ ինքը կոնգրեսին կներկայացնի բյուջեյի մի ծրագիր, որը Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պակասորդը կվերացնի հինգ տարուց։ Նա նաեւ կոչ արեց պետական ծախսումները ընդլայնել կրթության բնագավառում, սովորելու դժվարություն ունեցող երեխաներին օգնելու համար։

Պրն Բուշը կոչ արեց մասնավոր եւ հասարակական միջոցներով առողջապահությունը մատչելի դարձնել բոլոր ամերիկացիներին։ Նա կոչ արեց, որ կրճատվեն ցածր եկամուտ ունեցողների պետական հարկերը եւ հասարակական միջոցներով խրախուսվեն առողջապահության մասնավոր ֆոնդերը։ Նախագահը նշեց, որ էներգիայի աղբյուրների զանազանակերպումը խիստ կարեւոր է Ամերիկայի համար, որն այժմ խոցելի է էներգիայի մատակարարման խզումների թշնամական որոշ գործողությունների հետեւանքով։ Նա հորդորեց հիբրիդ ավտոմեքենաների, էթանոլի, արեգակնային եւ քամու էներգիայի, եւ մաքուր ու ապահով միջուկային էներգիայի ավելի լայն կիրառությունը։

Նախագահը 2ՕՕ6 թվականը բնութագրեց, որպես մի տարի, երբ ծայրահեղականները հակահարձակման անցան Լիբանանում, Աֆղանստանում եւ Իրաքում ազատության կայացման ջանքերի դեմ։ Պրն Բուշը, որն այժմ կանգնած է դեմոկրատների կողմից վերահսկվող նոր կոնգրեսի առջեւ, խոստովանեց, որ պատերազմին վերջ դնելն այժմ բոլորի ցանկությունն է։


Պատասխան մի ելույթով, դեմոկրատ սենատոր Ջիմ Վեբը պրն. Բուշին մեղադրեց անշրջահայացորեն Իրաքյան պատերազմում ներգրավվելու համար։ Սենատոր Վեբն ասաց, որ Իրաքի պատերազմը վնասել է Ամերիկայի հեղինակությանը եւ վնասել է ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին.

՛՛Զորքերի չմտածված արագ հեռացումը Իրաքից կարող է խառնաշփոթ ստեղծել։ Սակայն տարածաշրջանի շահերը նկատի առնող ազդեցիկ դիվանագիտությունը կարող է մեր զինվորներին դուրս բերել Իրաքի քաղաքների փողոցներից եւ կարճ ժամանակամիջոցում մեր մարտական ուժերը հեռացնել Իրաքից։

Սենատոր Վեբը պաշտպանում է էներգետիկ անկախության, կրթության բարելավման, եւ մատչելի առողջապահության ծրագրերի օգտին պրն. Բուշի կոչերը։ Սակայն նա համաձայն չէ պրն. Բուշի տնտեսության գնահատականին, դիտել տալով, որ ամերիկյան ընկերություններն ու ունեւոր խավը, առավել հարստանում են միջին դասակարգի հաշվին։



XS
SM
MD
LG