Պակիստանի կառավարությունը հերքել է Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավար Ջոն Նեգրոպոնտեի այն հայտարարությունը, ով ասել է թե Պակիստանն ապահով ապաստան է Ալ Քայդայի ահաբեկիչների համար։
Հետախուզության հարցերով սենատի հանձնաժողովում անցյալ հինգշաբթի կայացած ունկնդրության ժամանակ Միացյալ Նահանգների Համերկրային հետախուզության ղեկավարի պաշտոնից հեռացող Ջոն Նեգրոպոնտեն ասել է, թե Ալ Քայդան մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար.
՚՚Ալ Քայդայի ահաբեկիչները զարգացնում են գործողությունների ավելի ամուր կապեր եւ հարաբերություններ, որոնք Պակիստանի ապահով թաքստոցներում գտնվող նրանց ղեկավարները տարածում են Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Եւրոպայի իրենց մասնաճյուղերում՚՚։
Տիրում է այն կարծիքը, որ 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական հարձակումների պատասխանատու Ալ-Քայդան եւ դրա ղեկավարները գործում են Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին Նեգրոպոնտեի հայտարարությունը սուր քննադատության արժանացավ Միացյալ Նահանգների դաշնակցի կողմից։
Պակիստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Թասնիմ Ասլամն այս մասին ասել է.
՚՚Եթե որեւէ երկիր կարեւոր դեր ունի Ալ-Քայդայի ողնաշարը ջարդելու գործում, ապա այդ երկիրը Պակիստանն է։ Այս պատերազմում մենք ավելին ենք արել, քան որեւէ այլ երկիր՚՚։
Այժմ, երբ կոնգրեսն անցել է դեմոկրատների վերահսկողության ներքո, հետախուզության հարցերով սենատի հանձնաժողովի Նախագահ Ջոն Ռոկֆելերը քննադատել է Բուշի վարաչակազմի հակաահաբեկչական քաղաքականությունը.
՚՚Ես լուրջ կասկածներ ունեմ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ձերբակալությունների ծրագրի արդյունավետության եւ խելամտության, ինչպես նաեւ առանց դատարանի թույլտվության մարդկանց գաղտնորեն ունկնդրելու Համերկրային անվտանգության գործակալության ծրագրի առնչությամբ, որոնց մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է հրապարակայնորեն՚՚։
Այնուամենայնիվ, պարոն Նեգրոպոնտեի վկայությունից հստակ է մի բան, որ ահաբեկչությունը մնում է սպառնալիք, եւ որ Ալ Քայդայի ղեկավարները շարունակում են ծրագրման գործում կարեւոր դեր խաղալ իրենց թաքստոցներից։