Մատչելի հղումներ

Վաշինգտոնը վերջին հրաժեշտը տվեց Ջերալդ Ֆորդին


Միացյալ Նահանգների ներկայիս ու երբեմնի նախագահներ, բարձրաստիճան պաշտոնատարներ եւ օտար երկրների ղեկավարներ հունվարի երկուսին հավաքվել էին մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ազգային Մայր Տաճարում, հարգանքի տուրք մատուցելու կյանքի 94-երորդ տարում իր մահկանացուն կնքած երբեմնի նախագահ Ջերալդ Ֆորդին։

Վաղ առավոտից բազմությունը սկսեց հավաքվել Վաշինգտոնի Ազգային Մայր Տաճարում, պատվելու Միացյալ Նահանգների 38-երորդ նախագահ Ջերալդ Ռուդոլֆ Ֆորդին։ Ներկա էին ամերիկացիներ՝ բոլոր խավերից։

Ներկա էին բարձրաստիճան պաշտոնատարներ, ինչպես օրինակ, սենատոր Ջոզեֆ Լիբերմանն է, եւ շարքային քաղաքացիներ՝ ինչպես օրինակ, Միլդրեդ Մարի Հոլն է, ով տեղյակ չէր, որ արարողությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր հրավիրատոմս.

՚՚Հրավիրատոմս չունեի։ Կարծում էի, թե արարողությունը բաց է հասարակության համար, եւ չէի ըմբռնում, որ Տաճար մտնելու համար անհրաժեշտ է հրավիրատոմս՚՚։

Մինչ արարողության թափորը ԱՄՆ կոնգրեսի շենքից դուրս գալով առաջանում էր, Ազգային Մայր Տաճարի առջեւ հավաքված բազմությունը համբերատարությամբ սպասում էր Ջերալդ Ֆորդի դագաղը բերվելուն։ Էմիլի Էլզներ Թվեսմեն ապրում է Մայր Տաճարի թաղամասում.

՚՚Հայրենասիրական արարք է այսպես վարվելը։ Չափազանց կարեւոր բան է մեր նախագահին պատվելը եւ կարեւոր է դրան մաս կազմելը՚՚։

Պարոն Ֆորդը քսանվեց տարի ծառայել է որպես Միացյալ Նահանգների կոնգրեսական։ Նա երբեմնի նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից նշանակվեց փոխնախագահ, երբ Սպիրո Ագնյուն հրաժարական տվեց մի աղմկահարույց գործի հետեւանքով։

Պարոն Ֆորդը նախագահի պաշտոնը ստանձնեց 1974 թվականին, երբ նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց Վոթերգեյթի աղմկահարույց գործի հետեւանքով։ Պարոն Ֆորդը նախագահի պաշտոնում ծառայեց երկու տարի, ու երկրին օգնեց մի դժվարին ժամանակ։

Սա պարոն Ֆորդի համար պաշտոնական վերջին արարողությունն էր Վաշինգտոնում։ Այնուհետեւ նրա դագաղը դրվեց Միչիգանի նահանգի նրա հարազատ Գրենդ Ռափիդզ քաղաքում ուր երեկ կայացավ նրա հուղարկավորությունը։

XS
SM
MD
LG