Մատչելի հղումներ

Հանգուցյալ Ջերալդ Ֆորդի հուղարկավորության  արարողությունների ծրագիրը


Ամերիկացիները մինչեւ հաջորդ չորեքշաբթի հնարավորություն կունենան իրենց հարգանքի տուրքը մատուցել ԱՄՆ-ի երբեմնի նախագահ Ջերալդ Ֆորդին։ Իսկ շաբաթ օրը հանգուցյալ նախագահի մարմինը Կալիֆոռնիայից կտեղափոխվի երկրի մայրաքաղաք։

Ամերիկյան գաղտնի ծառայության ուղեկցությամբ բազմաթիվ այցելուներ Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժում գտնվող Ջերալդ Ֆորդի տուն էին եկել իրեցն հարգանքի տուրքը մատուցելու նպատակով։ Գրենդ Ռեփիդում բազմաթիվ մարդիկ հուշամատյանը ստորագրելու իրենց հերթին սպասեցին, իսկ շատերն էլ մոմեր վառեցին Ֆորդի նախագահական գրադարանում։ Հանգուցյալ նախագահին հարգանքի իրենց տուրքը մատուցեցին բազմաթիվ քաղաքական ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆորդին հաջորդած երբեմնի նախագահներ, այդ թվում նաեւ ավագ Ջորջ Բուշը, որն ասաց.

՛՛Քաղաքականության մեջ եւ նախագահի պաշտոնի համար իմ հաղթանակում պարտական եմ Ջերալդ Ֆորդին՛՛։

Վեց օր տեւողությամբ սգո օրերն ու եկեղեցական պատարագներն արդեն իսկ սկսվել են Կալիֆոռնիայում։ Փալմ Դեզըրթում գտնվող Ֆորդի նախասիրած սուրբ Մարգարիտի Եպիսկոպոսական եկեղեցում նրա հիշատակին կմատուցվի հատուկ պատարագ։ Ուրբաթ կեսօրից եկեղեցու դռները բաց են բոլոր այցելուների առջեւ։ Իսկ շաբաթ օրը կարճ պատարագից հետո հանգուցյալ նախագահի մարմինը կտեղափոխվի Վաշինգտոն եւ կտեղադրվի ԱՄՆ-ի Կոնգրեսում ։ Երեքշաբթի առավոտյան երբեմնի նախագահի մարմինը կտեղափոխվի Գրենդ Ռեփիդս, եւ կտեղադրվի Ջերալդ Ֆորդի գրադարանում, ուր տեղի կունենա նրա հոգեհանգիստը։ Իսկ չորեքշաբթի, հունվարի 3-ին Ջերալդ Ֆորդի գրադարանի շրջակա տարածքում տեղի կունենա հանգուցյալի թաղման արարողությունը։

XS
SM
MD
LG