Տասներեք ամիս տեւած փակուղուց հետո Պեկինում երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի շուրջ սկսված վեցակողմ բանակցություններում Վաշինգտոնն ու Փհենյանն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում։
Դռնփակ նիստը սկսվելուց հետո, բանակցությունների ժամանած պատվիրակների որեւէ լավատեսություն հօդս ցնդեց։ Լրատվական հաղորդագրությունների համաձայն, Փհենյանի պատվիրակը պահանջել է վերացնել իր երկրին հարկադրված ֆինանսական բոլոր պատժամիջոցները, հատկացնել միջուկային ռեակտոր էկեկտրաէներգիա ստանալու համար, եւ Հյուսիսային Կորեային համարել միջուկային տերություն։
Փհենյանի պատվիրակն իր բոլոր պահանջները ներկայացրել է նախքան միջուկային իր ծրագրից Հյուսիսային Կորեայի հրաժարվելու շուրջ համաձայնության հանգելը։ Ավելի ուշ, Ճապոնիայի պատվիրակ Կենիչիրո Սեսային Փհենյանի դիրքորոշումն անվանել է ՚՚անընդունելի՚՚.
՚՚Փհենյանի դիրքորոշումը չափազանց տարբերվում է մյուս երկրների դիրքորոշումից։ Սա բացարձակապես անընդունելի է մեզ համար՚՚։
ԱՄՆ պատվիրակ Քրիստըֆր Հիլն ասել է, որ Հյուսիսային Կորեան կարող է դիմակայել նոր պատժամիջոցներ.
՚՚Մենք կցանկանայինք Կորեական թերակղզին դարձնել միջուկազերծ՝ բանակցությունների միջոցով, սակայն եթե նրանք չեն ցանկանում դա, ապա պատրաստ ենք գնալու այլ ճանապարհով, որը վերջիվերջո կհանգեցնի նույն արդյունքին՚՚։
ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հյուսիսային Կորեան կատարի 2005 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրի պայմանները, որով Փհենյանը համաձայնել է հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ օգնության եւ անվտանգության երաշխիքների դիմաց։
Սակայն Փհենյանն առկախեց համաձայնագիրը, Միացյալ Նահանգների դրամարժույթը կեղծելու պատճառով Վաշինգտոնի կողմից Փհենյանին ֆինանսական պատժամիջոցներ հարկադրվելուց հետո։
Վեցակողմ բանակցություններում Հյուսիսային Կորեայի կարծր գծի առնչությամբ Միացյալ Նահանգների պատվիրակ Քրիստըֆր Հիլը երկուշաբթի օրը Փհենյանին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի համբերությունը սպառվում է։