Մատչելի հղումներ

Իրաքի կացության շուրջ երկկուսակցական հանձնաժողովի զեկույցը


Իրաքում կացությունն ուսումնասիրող Միացյալ Նահանգների երկկուսակցական մի հանձնաժողով այդ երկրում ռազմավարական այլընտրանքների շուրջ իր զեկույցը դեկտեմբերի քսանին ներկայացնելու է նախագահ Ջորջ Բուշին ու կոնգրեսին։

Թերթերում հրատարակված հաղորդագրությունների համաձայն, հանձնաժողովը կհանձնարարի ամերիկյան մարտական զինուժը դուրս բերել Իրաքից մինչեւ 2008 թվականը, իսկ օժանդակ զինուժը կմնա։ Սակայն Իրաքի վարչապետի հետ Ամմանում իր հանդիպումից հետո նախագահ Բուշը մերժեց ամերիկյան զինուժը վաղաժամ դուրս բերելու ենթադրությունները.

՚՚Քանի դեռ Իրաքի կառավարությունը ցանկանում է մեր ներկայությունը, մնալու ենք այդ երկրում աշխատանքն ավարտելու նպատակով՚՚։

Սակայն Միացյալ Նահանգների Էյ-Բի-Սի հեռուստացանցի ծրագրերից մեկով հարցազրույցի ժամանակ, Իրաքի վարչապետ Ալ-Մալիքին չխոսեց ամերիկյան զինուժը դուրս բերվելու մասին..

՚՚Փաստորեն, այդ մասին որոշումը կախված է ամերիկյան վարչակազմից։ Ես կարող եմ խոսել Իրաքյան կողմից մասին՚՚։

Վարչապետը նշեց, որ Իրաքի զինուժը պատրաստ կլինի լիոեվին ստանձնելու երկրի անվտանգության պաշտպանությունը մինչեւ 2007 թվականը։ Սակայն Իրաքում ամերիկյան զինուժի հրամանատար Բենջամին Միքսընն ասում է, թե ամերիկյան զինուժը կկռվի, երբ անհրաժեշտ լինի.

՚՚Մենք կնվազեցնենք մարտերին մասնակցելու մեր դերը, սակայն կշարունակենք թիրախի տակ վերցնել տարածաշրջանում գործող Ալ Քայդայի գործիչներին՚՚։

Ակնկալվում է, որ Իրաքի կացությունն ուսումնասիրող տասն անձից բաղկացած հանձնաժողովը նաեւ կոչ կանի Սիրիային եւ Իրանին ընդգրկել Իրաքը կայունացնելու բանակցություններում։

ԱՄՆ երբեմնի նախագահ Ջիմի Քարտերն ասել է, թե այդ խնդրում նաեւ պետք է ընդգրկվեն Ֆրանսիան եւ Ռուսաստանը.

՚՚Աշխարհն է հետաքրքրված Իրաքի ապագայով։ Ցանկանում ենք տեսնել, որ պատերազմի հետեւանքով Իրաքին հասցված վնասը կթեթեւանա՚՚։

Նախագահ Բուշի համար Իրաքի կացությունն ուսումնասիրող հանձնաժողովի հանձնարարությունները պարտադիր չեն։ Նա Իրաքի շուրջ խորհուրդ է ստանում նաեւ Պենտագոնից եւ Ազգային անվտանգության խորհրդից։

XS
SM
MD
LG