Մատչելի հղումներ

ԱՊԵԿ-ի վեհաժողովը


Շաբաթ եւ կիրակի օրերին Վիետնամի Հանոյ քաղաքում ընթանում է Ասիայի եւ Խաղաղօվիանոսյան 21 երկրների համագործակցության վեհաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերի թվում են առեւտրի ազատ գոտու ստեղծումը, թռչնագրիպի հավանական համաճարակի եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները։

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ձեռք էին առնվել անվտանգությունն ապահովելու հավելյալ միջոցներ, մինչ քաղաքը պատրաստվում էր ընդունելու ԱՊԵԿ-ի վեհաժողովին մասնակցելու նպատակով ժամանող աշխարհի տարբեր երկրների ղեկավարների։

Նրանց թվում են Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, Չինաստանի նախագահ Հու Ջինտաօն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն եւ ուրիշներ։

Այլ հարցերի թվում, Վեհաժողովի օրակարգում դրված է նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային ծրագրերի վիճահարույց խնդիրը։

Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներն անցած հինգշաբթի հանդիպում ունեցան Հանոյում, ուր քննարկեցին այդ խնդրի շուրջ իրենց մտահոգությունները։ Ալեքսանդր Դաուներն Ավստրալիայի արտգործնախարարն է.

՚՚Սա չափազանց լավ հնարավորություն էր քննարկելու մեր դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի եւ Իրանի խնդրի շուրջ՚՚։

Միաժամանակ, ԱՊԵԿ-ի վեհաժողովի օրակարգի գլխավոր հարցերից մեկը Դոհայի ՚՚Զարգացման օրակարգ՚՚-ի փակուղի մտած բանակցություններն են։ Զարգացող երկրներին աղքատությունից դուրս բերելու նպատակով դրանց եւ հարուստ երկրների միջեւ առեւտուրն ավելացնելու ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեցին այս տարվա հուլիսին։

Ջեֆրի Սքոթը Միջազգային տնտեսագիտության Պետերսոնի անվան ինստիտուտի աշխատակից է.

՚՚Բանակցությունները վերսկելու համար առեւտրի գլխավոր երկրները պետք է նվազեցնեն առեւտրի իրենց արգելքները, առեւտուրը խոչընդոտող նպաստների վճարումը եւ աղքատ երկրներին ավելի մեծ մատչելիություն ընձեռեն իրենց շուկաներին՚՚։

Ակնկալվում է, որ ԱՊԵԿ-ի ղեկավարները տարածաշրջանի երկրներին նաեւ կոչ կանեն համատեղ մոտեցում դրսեւորել թռչնագրիպի դեմ պայքարում։

Ծրտագրի համաձայն, ԱՊԵԿ-ի վեհաժողովից հետո նախագահ Ջորջ Բուշը երկուշաբթի օրը կհանդիպիպի Ինդոնեզիայի ղեկավարների հետ, ուր օրակարգի գլխավոր հարցերը կլինեն ահաբեկչության, աղքատության դեմ պայքարի, կրթության եւ կոռուպցիայի խնդիրները։

XS
SM
MD
LG