Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը


Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Նիքըլըս Բըրնզը հայտնել է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցությունները կարող են վերսկսվել մինչեւ այս տարվա վերջը։

Պարոն Բըրնզը Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտնել է, թե բանակցությունների նպատակը չափազանց հստակ է.

՚՚Ցանկանում ենք Կորեական թերակղզին տեսնել միջուկային զենքից զերծ՚։

Փհենյանը մեկ տարի առաջ հրաժարվեց բանակցություններից, որի նպատակը նրա միջուկային ծրագրերին վերջ դնելն էր։ Այս ժամանակից ի վեր, Փհենյանը կատարել է միջմայրցամաքային հրթիռների փորձարկումներ եւ միջուկային ստորգետնյա պայթեցում։

Պարոն Բըրնզն ասում է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը տարածաշրջանային խնդիր է, եւ Հարավաին Կորեան, Ճապոնիան, Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են լուծում գտնել խնդրին։

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թոմ Լանթոսն ասում է, թե Միացյալ Նահանգների մոտեցումը հաջող չի եղել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին.

՚՚Միանգամայն հստակ է, որ վաղուց ժամանակն է փոխել Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեր մոտեցումը՚՚։

Պարոն Բըրնզն ավելացրել է, թե Հյուսիսային Կորեայի խնդրին Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների լրջորեն եւ խստորեն մոտենալու ձեւը պատգամ կհղի այլ երկրների.

՚՚…այն պետք է ազդանշան լինի Իրանին, որ Փհենյանն իր միջուկային արկածախնդրությամբ շահեց միայն մեկուսացում եւ միջազգային համայնքի քննադատությունը՚՚։

Ակնկալվում է, որ Ասիական երկրներ ուղեւորության մեկնած նախագահ Ջորջ Բուշը Վիետնամում կայացող Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության վեհաժողովից ազատ ժամերին կքննարկի Հյուսիսային Կորեայի խնդիրը։

XS
SM
MD
LG