Ամերիկացի պաշտոնատարները հերքում են այն տեղեկագրությունները, որ Բաղդադում ամերիկյան հսկիչ անցակետերը փակելու Իրաքի վարչապետ Ալ Մալիքիի հրամանից հետո լուրջ տարաձայնություն է առաջացել դաշնադրությունում։
Սպիտակ Տան մամլո խոսնակ Թոնի Սնոուն հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պաշտոնատարները համաձայնել են Բաղդադի Սադրի արվարձանում ամերիկյան հսկիչ անցակետերը փակելու Իրաքի վարչապետ Ալ-Մալիքիի որոշմանը.
՚՚Սա այն բաներից մեկն է, որ կարծում եմ, չենք բացատրել ինչպես հարկն է, որ վարչապետ Ալ-Մալիքին, Իրաքում ԱՄՆ դեսպան Զալ Խալիզադն ու գեներալ Քեյսին համաձայնել են վերացնել հսկիչ անցակետերից մի քանիսը՚՚։
Թոնի Սնոուն ասել է, թե Բաղդադի Սադրի արվարձանի հսկիչ անցակետերը երթեւեկության խճողումների լուրջ խնդիրներ էին հարուցում քաղաքի չորս միլիոն բնակչության համար։ Իրաքի վարչապետ Մալիքին կարգադրեց անվտանգության անցակետերը վերացնել թաղամասի շիա բնակիչների բողոքների պատճառով։
Վարչապետի որոշումն Իրաք ներխուժելու Միացյալ Նահանգների երեք ու կես տարվա ընթացքում Իրաքի որեւէ ղեկավարի կողմից կատարված առաջին ընդդիմադիր քայլն էր։ Սադրի արվարձանի բնակիչները տոնեցին այդ քայլը, որը նրանք համարեցին Միացյալ Նահանգների կողմից կատարված զիջում։
Սադրի արվարձանը Իրաքի ռազմաշունչ ՚՚Մահդիի Բանակ՚՚ ժողովրդական աշխարհազորի ղեկավարի՝ շիա հոգեւորական Մոքթադա Ալ-Սադրի հենակետն է։ Սպիտակ Տան մամլո խոսնակը նաեւ հաստատեց, որ ԱՄՆ կառավարությունն ակնկալում է օգնել ֆինանսավորելու Իրաքի անվտանգության զինուժի թվաքանակը 100 հազարով ընդլայնելուն.
՚՚Կարծում ենք կարեւոր է անհրաժեշտ թվակազմով զինուժ ունենալ Իրաքում՚՚։
Պարոն Սնոուն ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է շարունակի մարզել արհեստավարժ, կարողունակ Իրաքի անվտանգության զիունուժը, որը կկարողանա լուծել երկրի դիմակայած ռազմական դժվարությունները։