Այս ամիս Իրաքում զոհվող ամերիկացի զինվորների թիվը շարունակում է ավելանալ եւ մոտենում է Իրաքում մեկ ամսում զոհված զինվորների մրցանիշային թվին, որը հարաճուն դժգոհություն է առաջացնում Իրաքի պատերազմը վարելու նախագահ Բուշի վարչակազմի կարողության առնչությամբ։
Մինչ մարտերը շարունակվում են, զոհվող ամերիկացիների թիվն ավելանում է, եւ հոկտեմբերը դարձել է մեկ տարում ամերիկացի զինվորների ամենամահացու ամիսը։
Հեռուստատեսային հաղորդումները, որոնք ցուցադրում են մարտի դաշտում զոհված զինվորներին, ինչպես օրինակ, բանակի սերժանտ Վիլ Մոքն է, բուռն բանավեճ են հարուցում Ամերիկայում։ Աննա Մոքը վերհիշում է իր որդուն.
՚՚Նա միշտ ասում էր, ՚՚մայրիկ, դու ինձանով կհպարտանաս։ Ես կարդարացնեմ սպասելիքներդ՚՚։ Դու խոստումդ կատարեցիր, որդիս՚՚։
Հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունն ընդդիմանում է Բուշի վարչակազմի՝ Իրաքի պատերազմը վարելու ձեւին։ Եւ մինչ միջժամկետային ընտրությունները մոտենում են, ամերիկյան զինուժն Իրաքից դուրս բերելու շուրջ հանրահայտ դեմոկրատների կոչերը, ինչպես օրինակ, սենատոր Չարլզ Շումերն է, ավելի հաճախակի են հնչում,.
՚՚Մենք անշուշտ չենք հաղթում Իրաքի այս պատերազմում։ Ինչպես երեւում է, մենք ոստիկանի դեր ենք ստանձնել քաղաքացիական պատերազմում։ Ամերիկյան ժողովուրդը նման բանի համաձայնություն չի տվել՚՚։
Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե Իրաքի ղեկավարներին հորդորում է վերջ դնել հատվածախմբական բռնարարքներին եւ առաջարկել է դրա համար նշանակել ժամանակացույց։ Սակայն Իրաքի վարչապետ Ալ Մալիքին ասել է, թե իր կառավարությունը չի ենթարկվի որոշակի ժամանակացույցի։
Բայց շարունակվող բռնարարքներն է՛լ ավելի են սաստկացրել քննադատությունը, որ Իրաքի անվտանգության ուժերը դեռեւս պատրաստ չեն կատարելու իրենց աշխատանքը։ Եւ Բաղդադում, ուր տեղի է ունենում բռնարարքների մեծ մասը, Միացյալ Նահանգների զինվորներն են, որ ճակատային գծում են։