Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների միջժամկետային ընտրությունները


ԱՄՆ-ում նոյեմբերի յոթին կայանալիք կոնգրեսական միջժամկետային ընտրությունները կարող են նշանակալից լինել երկրի երկու խոշորագույն ազգային փոքրամասնությունների համար։

Մերիլենդի փոխնահանգապետ Մայքլ Սթիլն իր թեկնածությունն է առաջադրել երկրի սենատորի պաշտոնի համար։ Այս տարի նա բարձրաստիճան պաշտոնների համար երկու կուսակցություններից իրենց թեկնածությունն առաջադրած վեց սեւամորթ ամերիկացիների մեկն է, որը մրցանիշային թիվ է։

Դեյվիդ Բոսայտիսն ընտրությունների քաղաքականության շուրջ ուսումնասիրություններ կատարող կազմակերպություններից մեկի աշխատակից է.

՚՚Հիշենք, որ սեւամորթ ամերիկացիներին երկար տարիներ հնարավորություն չեն տվել ընտրվել հասարակական պաշտոններում։ Սակայն այժմ առկա են բարձրաստիճան պաշտոնների համար ընտրապայքարելու ընդունակ մեծ թվով սեւամորթ ամերիկացիներ՚՚։

Այս փաստից գոհ է կոնգրեսական Էլայջահ Քամինգզը, ով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի 40 սեւամորթ ամերիկացի անդամներից մեկն է։ Նրա կարծիքով, կոնգրեսական պաշտոնի համար պայքարող սեւամորթ ամերիկացիների թվի ավելանալու պատճառը մասամբ Բարաք Օբամայի ներգործությունն է, ով ընտրվեց 2004 թվականին եւ սենատի միակ սեւամորթ անդամն է։

Ընդամենը 1990 թվականին էր, որ Վիրջինիայի նահանգապետ ընտրվեց Դագլըս Վայլդերը, ով վերջին 100 տարում երկրում նահանգապետ ընտրված առաջին սեւամորթն էր։ Այս տարի Մասաչուսեթսից դեմոկրատ Դեվալ Պատրիկը լավ հնարավորություն ունի դառնալու երկրի երկրորդ սեւամորթ նահանգապետը։

Երկրի ընտրություններում մշտապես պասսիվություն դրսեւորած իսպանախոսներն այս տարի թերեւս մեծ թվով կմասնակցեն դրանց, որի համար եռանդունորեն աշխատում են Ամերիկայի իսպանախոս քաղաքացիների կազմակերպությունները։ Իսպանախոսների ՚՚Լա Ռազայի համերկրային խորհուրդ՚՚ կազմակերպության աշխատակից Կլարիսա Մարտինեսն ասում է.

՚՚Երկրում ներգաղթի դեմ առկա բացասական մթնոլորտին հիմնականում նպաստել է Հանրապետական Կուսակցությունը, որն ընտրությունների ժամանակ կտուժի իր քաղաքականության հետեւանքով՚՚։

Թե ամերիկացիներն ի՞նչ կարծիքի են ներգաղթի եւ բարձրաստիճան պաշտոնների համար մեծ թվով սեւամորթ ամերիկացիների թեկնածության մասին, կորոշվի նոյեմբերին, երբ սկսվեն ընտրությունները։

XS
SM
MD
LG