Մատչելի հղումներ

Պոլիոմիելիտի դեպքերն Աֆղանստանում


Պոլիոմիելիտի, այն է՝ ողնուղեղի գորշանյութի բորբոքման դեպքերի թիվն Աֆղանստանում այս տարի մինչեւ այժմ կտրուկ ավելացել է անցած տարվա համեմատությամբ, որոնց մեծամասնությունը գրանցվել է երկրում տեղի ունեցած կատաղի մարտերի շրջանում։

Սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը խոսեց իր երկրի դիմակայած բազմաթիվ դժվարությունների՝ այդ թվում մի նոր զարգացման մասին.

՚՚Սթափեցուցիչ է նաեւ տեղեկանալը, թե պոլիոմիելիտով հիվանդների թիվը, որը երեխաների հիվանդություն է, 2005 թվականին չորսից այս տարի հասել է 27-ի՚։

Այս անհանգստացնող միտումն առնչում են այն փաստին, որ բազմաթիվ աֆղանացի երեխաներ կանոնավորապես չեն ստացել պատվաստումներ վերջին ամիսներին։ Հիվանդության ամենահավանական պատճառը թերեւս բշկական ծառայության համատարած ընդհատումներն են հատկապես պատերազմից քայքայված երկրի հարավում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների բաժնի պաշտոնյա Ֆրանսուա Գասեն ասում է, թե դժվարությունն անհրաժեշտ պատվաստանյութը զարգացող երկրների երեխաներին հասցնելն է.

՚՚Նրանք ապրում են չափազանց հեռու պատվաստումներ կատարելու վայրից, ուր ճանապարհային ենթակառույցները չափազանց սահմանափակ են՚՚։

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության պոլիոմիելիտի դեմ պայքարի բաժնի ղեկավար Էլին Օգդենն ասում է, թե Աֆղանստանում պոլիոմիելիտի 27 դեպքը բավականին մեծ թիվ է.

՚՚Դա լուրջ է հիվանդության վերացման համաշխարհային ծրագրի եւ հարեւան երկրների համար՚՚ ։

Օգդենն ասում է, թե հիվանդության տարածումը կանխելու համար երեխաներին վաղ հասակից պատվաստման ենթարկելն է։

Պոլիոմիելիտը տարածվում է, երբ պատվաստման չենթարկված երեխաներն ընդունում են մանրէով վարակված սնունդ կամ ջուր։ Հիվանդությունն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա, որից հետո առաջացնում է անդամալուծություն կամ մահ։

XS
SM
MD
LG