Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում


Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ունեցած իր ելույթում նախագահ Բուշը պատվիրակներին ասել է, թե տեսնում է, որ Մերձավոր Արեւելքում արմատ է գցում պայծառ ապագա։

Նախագահ Բուշը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ասաց, թե, ազատության եւ չափավորության ուժերը փոխել են բոլոր մայրցամաքները, մոտավորապես 60 տարի առաջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կանոնադրությունը որդեգրելուց ի վեր։

Նա նաեւ նշեց, որ ժողովրդավարությունն Աֆղանստանի եւ Իրաքի ժողովուրդներին ընձեռել է միջազգային կազմակերպությունում ձայնի իրավունք։ Պարոն Բուշը Մերձավոր Արեւելքում այլ փոփոխությունները բնութագրել է որպես աստիճանական՝ սակայն իրական.

՚՚Ալժիրը կայացրեց իր առաջին նախագահական մրցակցական ընտրությունները, եւ բանակը մնաց չեզոք։ Արաբական Միացյալ Էմիրությունները վերջերս հայտնեց, որ երկրի ազգային խորհրդում տեղերը կընտրվեն ընտրությունների միջոցով։

Քուվեյթը կայացրեց ընտրություններ, ուր կանանց առաջին անգամ թույլատրեցին քվեարկել եւ իրենց թեկնածությունն առաջադրել հասարակական պաշտոնների համար։ Սաուդյան Արաբիայում քաղաքացիները քվեարկեցին քաղաքային ընտրություններում, Հորդանանում եւ Բահրեյնում՝ խորհրդարանական ընտրություններում, իսկ Եմենում ու Եգիպտոսում՝ նախագահական բազմակուսակցական ընտրություններում՚՚։

Անմիջականորեն դիմելով Իրանի ժողովրդին պարոն Բուշն ասաց, որ իրենց ղեկավարները երկրի միջոցներն օգտագործում են ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ միջուկային զենքեր ձեռք բերելու նպատակով.

՚՚Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքերի իր նկրտումներից։ Այն բանից անկախ, թե ձեր վարչակարգը ձեզ ի՞նչ է ասում, մենք ոչ մի առարկություն չունենք միջուկային էներգիայի Իրանի իսկապե՛ս խաղաղ ծրագրին։

Մենք աշխատում ենք դիվանագիտական լուծում գտնել այս ճգնաժամին եւ փափագում ենք այն օրը, երբ Իրանի ժողովուրդը կկարողանա ապրել ազատության մեջ ու Ամերիկան եւ Իրանը կկարողանան լինել բարեկամներ ու սերտ գործակիցներ՝ խաղաղության գործում՚՚։

Ավելի վաղ, պարոն Բուշն Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ։ Ֆրանսիայի ղեկավարը համաձայնեց ամերիկացի իր պաշտոնակցի հետ, որ Իրանը պետք է առկախի ուրան հարստացնելը.

՚՚Մենք միշտ չափազանց հստակորեն ասել ենք, որ դեպքերի կանոնավոր ընթացքը բանակցություններն են։ Դրանք այն միջոցն են, որով ակնկալում ենք լուծել սրա նման դժվարին խնդիրները։ Սակայն, մենք միաժամանակ ասել ենք, որ չենք կարող բանակցություններ վարել, եթե մինչ այդ չառկախվի ուրանի հարստացման գործունեությունը՚՚։

Միաժամանակ, ՄԱԿ-ի առջեւ հավաքված ցուցարարները նախագահ Բուշին դատապարտեցին ասելով, թե նա՛ սկսեց Իրաքի պատերազմը եւ այժմ չի կարող պնդել, որ խաղաղաղություն է հաստատում։

՚՚Իրաքի վետերաններն ընդդեմ պատերազմի՚՚ կազմակերպությունից Չադ Հեթմանն ասաց, որ Ամերիկայի անվտանգությանն ամենամեծ վտանգը հե՛նց Բուշի վարչակազմն է.

՚՚Անհրաժեշտ է, որպեսզի ամերիկացի զինվորներին անհապաղ տուն վերադարձնենք Իրաքից։ Պետք է նրանց հետ արդարացի վարվենք երբ վերադառնան, որովհետեւ Բուշի վարչակազմը կրճատել է վետերանների արտոնությունները, եւ նաեւ պետք է փոխհատուցենք Իրաքի ժողովրդին ու աջակցենք նրանց երկրի վերակառուցմանը՚՚։

ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում նախագահ Բուշի ճառը գագաթնակետն էր վերջերս նրա ունեցած ելույթների, ուր նա փաստարկում էր, որ Իրաքն ահաբեկչության դեմ պատերազմի ճակատային գիծն է, որն առաջացավ Միացյալ Նահանգների դեմ 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկի հարձակումների հետեւանքով։

XS
SM
MD
LG