Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում


Երեկ, սեպտեմբերի տասնիննին Նյու Յորքում սկսվեց ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 61-երորդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ՝ այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը։

Երեկ, նախագահ Ջորջ Բուշն իր ելույթում աշխարհի երկրների ղեկավարներին կոչ արեց աջակցել Մերձավոր Արեւելքի չափավորներին եւ բարփոխամետներին, որպեսզի օգնեն նրանց ստեղծելու, իր բնութագրմամբ, ՚՚ահաբեկչությունից զերծ աշխարհ՚՚։

Պարոն Բուշն իր ելույթում ասաց, թե աշխարհն ընդգրկված է գաղափարախոսական պայքարում ահաբեկչություն գործադրող ծայրահեղականների՝ եւ խաղաղությանն աջակցող չափավորների միջեւ։

Պարոն Բուշը խոստացավ աջակցել Իրաքի եւ Աֆղանստանի կառավարություններին, ահաբեկչության դեմ իրենց պայքարում։ Նախագահը նաեւ ասաց, թե Իրանը պետք է հրաժարվի, իր բնութագրմամբ, միջուկային զենքերի իր նկրտումներից։ Նա ասաց, թե Միացյալ Նահանգներն աշխատում է դիվանագիտական մի լուծում գտնել խնդրին եւ ավելացրեց, թե Վաշինգտոնը չի ընդդիմանում Իրանի միջուկային իսկապես խաղաղ ծրագրին։

Նախագահն իր ելույթում անմիջականորեն դիմեց մահմեդականներին եւ նրանց հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները պատերազմ չի մղում մահմեդական կրոնի դեմ ու ներկաներին ներկայացրեց Մերձավոր Արեւելքում խաղաղության իր տեսլականը։ Նախագահն իր ճառում նպատակ ուներ կամուրջ ստեղծելու Միացյալ Նահանգների վրա զայրացած Մերձավոր Արեւելքի երկրների ժողովուրդների հետ.

՚՚Իմ երկիրը փափագում է խաղաղություն։ Ձեր շարքերում առկա ծայրահեղականները տարածում են քարոզչություն ուր պնդում են, թե Արեւմուտքն ընդգրկված է մահմեդական կրոնի դեմ պատերազմում։ Այս քարոզչությունը կեղծ է, եւ դրա նպատակը ձեզ շփոթեցնելն ու իրենց ահաբեկչությունն արդարացնելն է։ Մենք հարգում ենք մահմեդական կրոնը՚՚։

Իր ելույթում դիմելով իրաքցիներին, նախագահն ասաց.

՚՚Մենք ձեզ չենք լքի ազատ երկիր կառուցելու ձեր պայքարում՚՚։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նույնպես ելույթ ունեցավ երեկ։ Նա հայտնեց միջուկային խաղաղ տեխնոլոգիա ունենալու իր երկրի իրավունքի մասին։ Իրանը ժխտում է, թե հետամուտ է միջուկային զենքերի։

Երեկ, ավելի վաղ, նախագահ Ջորջ Բուշը Նյու Յորքում հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, Իրանի խնդիրը քննարկելու համար։

Իրենց հանդիպումից հետո պարոն Բուշը նախազգուշացրեց, որ հավանաբար պատժամիջներ կհաստատվեն Իրանի դեմ, եթե Թեհրանը շարունակի ընդդիմանալ ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջներին։

XS
SM
MD
LG