Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշն ու ահաբեկչության մասին օրենքը


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե երկրի կոնգրեսը պետք է հաստատի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննելու եւ նրանց արդարադատության առջեւ կանգնեցնելու օրենքի իր տարբերակը։

Նախագահ Բուշը թղթակիցներին Սպիտակ Տանն ասաց, որ կոնգրեսը պետք է պաշտպանի իր առաջարկը, որովհետեւ բանակի եւ հետախուզության արհեստավարժներին պետք է ընձեռվեն Միացյալ Նահանգներն ահաբեկչական մեկ այլ հարձակումից պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ.

՚՚Այս միջոցները նրանց անհրաժեշտ են, քանի որ թշնամին ցանկանում է վերստին հարձակում գործել մեր դեմ՚՚։

Նախագահը ցանկանում է, որպեսզի սենատը հաստատի մի օրինագիծ, որն իր վարչակազմին հնրարավորություն կտա կալանքի մեջ պահել եւ զինվորական հատուկ դատարաններում դատել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց։

Միացյալ Նահանգների Գլխավոր Դատարանը մի քանի ամիս առաջ որոշում կայացրեց, որ նախագահն իրեն շնորհված իշխանության սահմանները խախտել է զինվորական դատարանները ստեղծելով։

Դատական նախնական ունկնդրությունները դադարեցվեցին Գուանտանամոյի ծովախորշում գտնվող ԱՄՆ ռազմածովային հենակայանում, ուր պահվում են մի քանի հարյուր կասկածյալներ։

Սենատի հանձնաժողովներից մեկը մերժեց նախագահի ծրագիրը եւ աջակցում է մի օրինագծի, որի համաձայն, ենթադրյալ կասկածյալներին կշնորհվի իրավական հավելյալ իրավունքներ, քան նախագահը ցանկանում է։ Օրինագիծն առաջ են մղում նախագահի կուսակցությունից երեք սենատորներ, որոնց թվում է Ջոն Մըկքեյնը, ով ներկայացրեց այլընտրանքային օրինագիծը։

Նախագահ Բուշն ասում է, թե սենատի առաջարկած օրինագծով վերջ կդրվեն ԱՄՆ հետախուզության գործակալների կարեւոր գործողությունները.

՚՚Եթե կոնգրեսը հաստատի կանոնները չհստակեցնող օրենք, ապա ծրագիրն առաջ չի շարժվի՚՚։

Նախագահ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգները չի փորձում փոփոխել բանտարկյալների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու շուրջ Ժնեւի պայմանագրով նախատեսված օրենքները։

Սակայն նա ցանկանում է, որպեսզի դատական գործընթացները հստակեցվեն, եւ է՛լ ավելի խստացվեն։ Նախագահն ասում է, թե կենգրեսը պետք է գործի շտապ կերպով.

՚՚Կոնգրեսի աշխատանքներում մի քանի շաբաթից ընդմիջում է լինելու։ Կոնգրեսը պետք է խելամտորեն եւ արագորեն գործի, որպեսզի կարողանամ ստորագրել լավ օրինագիծ՚՚։

Սենատի լիագումար նիստում օրինագծի շուրջ քվեարկությունը թերեւս տեղի կունենա այս շաբաթ։

XS
SM
MD
LG