Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանում


Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ գրեթե մեկ ամիս տեւած պատերազմին վերջ դնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Լիբանանում ներկայումս տեղաբաշխված ՄԱԿ-ի երկու հազարանոց խաղաղապահ զինուժին պետք է ավելացվի եւս տասներեք հազար զինվոր։

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանն անցնող երեքշաբթի այցելեց Լիբանանի հարավային տարածք, ուր տեղակայվող նոր զինուժը պետք է Լիբանանի բանակին օգնի այդ շրջանն իր վերահսկողության ներքո վերցնելու գործում։ Հեզբոլահը վերահսկել է այդ տարածքը հարավային Լիբանանից Իսրայելի զինուժը 2000 թվականին դուրս բերվելուց ի վեր։

Միացյալ Նահանգների հանգստի կոչված դեսպան Արթուր Հյուզը նշում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ զինուժ ստեղծելու առաջին ջանքը սկսվել է Եգիպտոսում, արաբների եւ Իսրայելի միջեւ 1948 թվականի պատերազմից հետո։

Պարոն Հյուզը ներկայումս Սինայի թերակղզում տեղակայված բազմազգ խաղաղապահների երբեմնի ղեկավարն է։ Նա ասում է, թե խաղաղապահ գործողությունների հիմքը ծավալուն լիազորությունն ու հստակ կանոններն են.

՚՚Ծավալուն լիազորությունն ու հրահանգները, որով զորահրամանատարներն ու զինուժը գործում են ՄԱԿ-ի անունից, խիստ կարեւոր են։ Դա է պատճառը, որ այսպիսի վիթխարի խնդիր է առկա Անվտանգության Խորհրդի թիվ 1701 որոշման առնչությամբ, որը վերաբերում է Հեզբոլահի եւ Իսրայելի միջեւ մարտերը դադարեցնելուն։ Խաղաղապահներին շնորհված լիազորությունը ծավալուն չէ։ Այնտեղ ասվում է, որ միջազգային զինուժը պետք է ձեռք առնի բոլոր անհրաժեշտ քայլերը, սակայն զինուժը նաեւ Լիբանանում է նրա կառավարությանն ու բանակին օգնելու համար այդ երկրի հարավում։ Այժմ նրանք փորձում են թիվ 1701 որոշումը դարձնել գործողությունների փաստացի սկզբունք, որը զինուժի հրամանատարը կօգտագործի իր զինվորներին ցամաքում հրահանգներ տալու համար՚՚։

Խաղաղապահ որոշ զինուժերի թույլատրում են զենք գործադրել հրադադարը պահպանելու համար։ Մյուսներին սահմանափակում են դիտորդների դերով։ Օրինակը Լիբանանում ՄԱԿ-ի միջազգային ժամանակավոր զինուժն է, կրճատ՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, որը Լիբանանի եւ Ւսրայելի միջեւ խաղաղություն է պահպանում 1982 թվականից ի վեր։

Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Զարթմանն ասում է, թե դիտորդ-խաղաղապահները, ինչպես օրինակ, ՅՈՒՆԻՖԻԼ-ն է, այնքան էլ արդյունավետ չեն, երբ հակամարտություն է առկա որեւէ երկրի եւ ՄԱԿ-ի առջեւ պատասխանատվություն չկրող ապստամբական խմբերից մեկի միջեւ.

՚՚ՅՈՒՆԻՖԻԼ-ը բավականին լավ աշխատեց Իսրայելի եւ Լիբանանի միջեւ։ Գտնվելով Լիբանանուն, այն ամենեւին իրեն չարդարացրեց Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ խաղաղապահ գործողություններում՚՚։

Զարթմանն ասում է, որ խաղաղապահներին անհրաժեշտ են հրահանգներ, որը նրանց կթույլատրի գործողության դիմել ինքնապաշտպանության եւ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու դեպքում։ Նա նշում է ՄԱԿ-ի առաքելության պատմությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որը կոչվում էր ՄՈՆՈՒԿ.

՚՚ՄՈՆՈՒԿ-ին վերջապես լիազորություն շնորհեցին ինքնապաշտպանության դիմել, սակայն չթույլատրեցին պաշտպանել իրենց շուրջը գտնվող բնակչությանը։ Այդ իսկ պատճառով նրանց շուրջը եղած մարդիկ ասացին. ՚՚նրանք այստեղ ի՞նչ են անում։ Ի՞նչ օգուտ են տալիս։ Նրանք մեզ չեն օգնում։ Նրանք պետք է մեզ օգնեին քաղաքացիական պատերազմում՚՚։ Եւ հակամարտությունը երկրների միջեւ չէր, այլ ապստամբական խմբերի հետ էր։ Այդ իսկ պատճառով այստեղ խոսք անգամ չէր կարող լինել ՄԱԿ-ի առջեւ երկրի պատասխանատվության մասին։ Եւ խաղաղապահները զրկվեցին տեղի բնակիչների վստահությունից՚՚։

Պարոն Զարթմանն ասում է, թե հստակ է, որ Լիբանանում ՄԱԿ-ի զինուժից ակնկալվում է, որ դիտորդական աշխատանքից ավելին կանի.

՚՚Դա ռազմական ներգրավվածությունն է, հրադադարին աջակցելու եւ Հեզբոլահին զինաթափելու համար։ Մենք Սոմալիում սովորեցինք, որ որոշ թվով անձինք չափազանց որոշակիորեն նշում էին, որ խաղաղապահները չեն կարող զինաթափել զինյալների, քանի որ պատրաստ չեն մարտական գործողությունների, եւ զինյալների որոշ մասը դիմադրություն ցույց կտա՚՚։

Միացյալ Նահանգների երբեմնի դեսպան Արթուր Հյուզն ասում է, թե խաղաղապահ գործողությունների լավագույն ուղեցույցը հրապարակվել է ՄԱԿ-ի 2000 թվականի զեկույցում։ Այնտեղ հանձնարարվում է զինվորական եւ քաղաքացիական անձանց համապատասխան թվակազմ, ում կարելի է արագորեն զենքի կոչել։

՚՚Սա չի արվում, քանի որ աշխարհի երկրները չեն ցանկանում զինուժ տրամադրել այնպիսի կացությունների համար, որոնք իրենց համար կարող են լինել քաղաքականապես դժվարին, կամ էլ այնպիսի երկրներ են, որոնք խնդիրներ ունեն։ Ոչ մի երկիր չի ցանկանում իր զինուժը դնել վտանգի մեջ եւ զոհեր ունենալ, մինչեւ չվստահանա որ այն արհեստավարժ գործողություն է, որ դրա հաջողության հավանականությունը մեծ է, եւ որն իսկապես կարեւոր է ոչ միայն միջազգային համայնքի՝ այլեւ իրենց ազգային շահերի եւ այլ երկրների հետ իրենց հարաբերությունների համար՚՚։

Պարոն Հյուզն ասում է, թե հույս ունի, որ Լիբանանում խաղաղապահ ջանքը կհաջողվի.

՚՚Սակայն անհրաժեշտ է, որպեսզի խաղաղապահների թվաքանակն ավելանա։ Նրանց թվաքանակը պետք է կազմի մոտավորապես 15 հազար զինվոր, եթե իսպապես պատրաստվում են լինել բավարար տեղանքներում ու ցանկանում են բավականին լրջորեն ընդունվել ինչպես Հեզբոլահի՝ այնպես էլ Լիբանանի, Սիրիայի եւ Իրանի բոլոր խմբերի կողմից՚՚։

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանն ասում է, թե խաղաղապահ զինուժի համար Եվրոպական երկրների կողմից առաջարկվել է ինը հազար զինվոր։ Նա նշում է, որ իսլամական մի քանի երկրներ նույնպես առաջարկել են զինվորներ տրամադրել։

XS
SM
MD
LG