՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկի աղետից մեկ տարի անց, Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքի բնակչությունը կազմում է իր նախկին թվի մոտավորապես հիսուն տոկոսը եւ դեռեւս պայքարում է ապաքինվելու համար։
Նոր Օռլեանը սկսել է յոթ միլիոն դոլար արժողության գովազդի մի նոր արշավ, զբոսաշրջիկներին վերադարձնելու համար։ Զբոսաշրջությունից ստացվող եկամուտը կազմում է ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից առաջ ստացվող եկամտի գրեթե հիսուն տոկոսը։ Բազմաթիվ բիզնեսներ ջանում են գոյատեւել։
Նույնիսկ իրենց ամբողջ կյանքը քաղաքում ապրած բնակիչներից մի քանիսը, ովքեր վերադարձել եւ լավ աշխատանք են գտել այստեղ ասում են, թե քաղաքում ներկայիս կացությունը ճնշող է։ Հյուրանոցի այս աշխատակցուհին ներկայանում է օրիորդ Ջոնս անվամբ.
՚՚Լուսանկարներից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե իրականում ինչպիսին է կացությունն այստեղ։ Հավատացեք ինձ։ Որեւէ անձ պետք է գա այստեղ անձամբ տեսնելու փայտերով դռներն ու լուսամուտները մեխված շենքեր եւ բիզնեսներ։ Քաղաքի բազմաթիվ բնակիչներ չվերադարձան։ Նրանց տների առջեւում այժմ աճում է բորբոս՚՚։
Օրիորդ Ջոնսն ասում է, թե իր բնակարանի վարձը կրկնկապատկվել է ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից հետո, իսկ նրա ապրած թաղամասը դարձել է հանցագործությունների վայր։ Նա այժմ կասկածի է ենթարկում վերադառնալու իր որոշումը.
"Եթե ընտրություն ունենայի, այժմ այստեղ չէի լինի։ Իսկապես չէի գա։ Երեխաներիս հետ կփոխադրվեի մեկ այլ բնակավայր՚՚։
Փոքր բիզնեսների տերերը նույնպես մտահոգված են։ Նրանցից շատերը տարակուսում են, թե որքա՞ն երկար ժամանակ կարող են վնասներ կրել, մինչ սպասում են կացության բարելավվելուն։ Լուիզիանայում ՚՚Հասարակության հետ կապերի ուսումնասիրման խորհուրդ՚՚ կազմակերպությունից Կարեն Ռովլին գրել է զեկույց Կատրինայից տուժած նահանգների ապաքինման մասին։ Նա նույնպես մտահոգ է այդ խնդիրներով.
՚՚Սա փոքր-ինչ վախեցնող է, քանի որ տարակուսում ենք, թե նրանք որքա՞ն ժամանակ կարող են դիմանալ։ Ե՞րբ են մարդիկ սկսելու վերադառնալ։ Նրանք արդյո՞ք կվերադառնան ժամանակին, որպեսզի այս մարդիկ չտուժեն։ Այո, սա մտահոգիչ է՚՚։
Զբոսաշրջության բնագավառի պաշտոնատարներն ասում են, թե առկա են հույսի նշաններ։ Մեծ թվով կազմակերպություններ առաջիկա ամիսներին ծրագրել են բազմաթիվ հանդիպմներ։ Սակայն Նոր Օռլեանը նաեւ դիմակայում է բնակարանների պակաս, որը խոչընդոտում է հմուտ աշխատաղների վերադարձը։
Հասարակության հետ կապերի ուսումնասիրման խորհրդի նախագահ Ջիմ Բրանդն ասում է, որ Կատրինայից տուժած այլ համայնքներ այսպիսի խնդիրները լուծում են հստակ, համապարփակ ծրագրերով, որը Նոր Օռլեանը չի կարողացել անել.
՚՚Մարդիկ ցանկանում են իմանալ, թե կացությունն ինչպիսի՞ն կլինի նախքան իրենց ներդրումներ կատարելն ու վերանորոգման աշխատանքներ սկսելը։ Արդյոք ապահովագրություն կունենա՞ն։ Քաղաքային ծառայություններ կունենա՞ն։ Սակայն, դժբախտաբար, դա շուտ չի լինի՚՚։
Քաղաքի ամենաշատը տուժած շրջաններից մեկը Ցածրադիր իններորդ վարչաշրջանն է։ Այն քաղաքի կենտրոնից գտնվում է մի քանի կիլոմետր դեպի արեւելք, ցածրադիր վայրում, որն ավերվել է հեղեղումից։ Միացյալ Նահանգների բանակի ինժեներական կորպուսը այստեղ վերանորոգել է պաշտպանական պատնեշի փլուզված հատվածը։
Պաշտոնատարներն ասում են, թե նոր պատն ավելի ամուր է նախկինից։ Սակայն մինչ բանվորները քանդում են ամենաշատը վնասված տները, այդ շրջանի հետ երկար ժամանակից ի վեր կապված անձինք փափագում են վերադառնալ։ Նոր Օռլեանի քաղաքապետ Ռեյ Նեյգինը հրաժարվեց քաղաքի վերականգնման հանձնաժողովի հանձնարարականներից, եւ մերժեց լքել որեւէ թաղամաս։
Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ այսպիսի ցածրադիր թաղամասերում վերակառուցումն անիմաստ է։ Սակայն որոշ թվով քաղաքային ծրագրողներ տարակարծիք են. Մուկեշ Կումարը քաղաքային ծրագրավորման պրոֆեսոր է Ջաքսոնի անվան պետական համալսարանում.
՚՚Կարո՞ղ ենք առարկել, որ Նոր Օռլեանը երբեք չպետք է գոյություն ունենար, քանի որ կառուցվել է ծովի մակարդակից ցածր գտնվող ճահճոտ տարածքում։ Չեմ կարծում, թե կարող ենք առարկել՚՚։
Պարոն Կումարն ավելացրել է.
՚՚Ես հստակ պատասխան չունեմ, սակայն սա կոլեկտիվ որոշում է։ Անշուշտ, փորձագետը չպետք է որոշում կայացնի այս խնդրի շուրջ։ Սա պետք է լինի ժողովրդի որոշումը՚՚։
Սակայն, հեղեղումից մեկ տարի անց, քաղաքի բնակիչների մեծամասնությունը դեռեւս ապրում է այլ վայրերում։ Նրանցից շատերն ասում են, թե չեն վերադառնա։ Բոստոնի կոլեջի պրոֆեսոր Մարկ Լանդին ասում է, թե վերադառնալու համար սոցիալական հակադիր կարգավիճակ ունեցող անձինք պետք է ունենան պատճառներ.
՚Թե՛ չափազանց աղքատ մարդկանց, եւ թե արհեստավարժորեն ամենահաջողակ անձանց վերադառնալու դրդապատճառը թերեւս այնքան մեծ չի լինի։ Ես կարդացի վիճակագրական տվյալ, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, որի համաձայն Նոր Օռլեանի հոգեբույժների մոտավորապես 95 տոկոսն այլեւս քաղաքում չէ։ Ինչու՞։ Քանի որ հոգեբույժները մի տեղի գամված անձինք չեն։ Որեւէ քաղաքում բնակչության թվի կրճատումը զարհուրելի վտանգ է քաղաքի կազմության համար ՚՚։
Հեղեղումից մեկ տարի անց, Նոր Օռլեանը ցուցաբերում է առաջընթացի նշաններ։ Սակայն լրիվ ապաքինման համար դեռեւս մնում է հաղթահարել երկար ճանապարհ։