Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշ-Լիբանան


Բազմաթիվ ամերիկացիների համար օգոստոսի վերջին մի քանի շաբաթն արձակուրդի շրջան է, սակայն աշխարհում մի շարք խիստ կարեւոր իրադարձությունների պատճառով նախագահ Բուշը զբաղված է։

Ամառվա վերջին օրերին Տեխասի իր ագարակում հանգստանալու փոխարեն նախագահ Բուշը եռուզեռի մեջ է, եւ ջանում է աջակցություն ապահովել իր օրակարգի ու կուսակցության համար։ Վերջին շաբաթներին նա անդրադարձել է տարբեր խնդիրների, այդ թվում ահաբեկչության…

՚՚Միացյալ Նահանգները պատերազմի մեջ է իսլամական ֆաշիստների դեմ, ովքեր ամեն միջոց կօգտագործեն կործանելու մեզ բոլորիս, ազատություն սիրողներիս՚՚։

Տնտեսության մասին.

՚Կացությունը լավ է ամերիկացի աշխատավորների, ձեռներեցների ու երկրի համար՚՚։

Մերձավոր Արեւելքի հարցերի մասին.

՚՚Հեզբոլահը զինված խումբ էր, կամ է՛, որը հարուցեց ճգնաժամը՚՚։

Իսկ երկու օր առաջ նախագահը դիմակայեց դժվարին հարցեր Իրանի՝ ինչպես նաեւ Իրաքում պատերազմի շուրջ.

՚՚Եթե այն կարծիքին լինեի, որ Իրաքում կացությունը լավ չէ, մեր զորահրամանատարները խորհուրդ կտային փոխել ռազմավարությունը՚՚։

Առաջիկա նոյեմբերին կայանալիք կոնգրեսական միջժամկետային ընտրությունների հետեւանքով ճնշումն ավելացել է, եւ պայքար է գնում Սենատի ու Ներկայացուցիչների Պալատի վերահսկողության համար։ ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստակայանի գլխավոր խմբագիր Չաք Թոդն այս մասին ասել է.

՚՚Թերեւս քվեատուները տարակարծիք են նախագահի հետ, սակայն երբ նա ընտրարշավի մեջ է, նրա հանրահայտությունը չի թվում այդքան ցածր։ Այն փոքր-ինչ բարելավվում է՚՚։

Նախագահ Բուշն ասել է, որ Լիբանանում տեղակայվելիք միջազգային զինուժի ղեկավարությունը որոշվելուց հետո Վաշինգտոնը կաշխատի նրա հետ, զինուժի առաքելության հաջողությունը երաշխավորելու համար.

՚՚Ամերիկան կկատարի իր բաժին հանձնառությունը։ Մենք միջազգային նոր զինուժին կօգնենք նյութա-տեխնիկական աջակցությամբ, հրամանատարական եւ վերահսկման հաղորդակցությամբ ու հետախուզությամբ։ Լիբանանը, Իսրայելն ու մեր դաշնակիցները համաձայն են, որ ներկայումս սա մեր ամենաարդյունավետ ներդրումն է, որ կարող ենք կատարել՚՚։

Պարոն Բուշը հույս հայտնեց, թե Ֆրանսիան ավելի մեծ թվով զինվորներ կտրամադրի միջազգային զինուժին, նշելով, որ Փարիզը պատմական կապեր ունի Լիբանանի հետ։ Պարոն Բուշն ասաց, որ միջազգային զինուժի տեղաբաշխումը կարագացնի մարդասիրական օգնության տրամադրումը Լիբանանի ժողովրդին։

Նա ավելացրեց, որ Վաշինգտոնն իր խոստացած 50 միլիոն դոլարի օգնության կեսից ավելին արդե՛ն իսկ հատկացրել է անօթեւան մնացած լիբանանցիներին։ Նախագահը նաեւ հայտարարեց, որ Ամերիկան կհատկացնի մոտավորապես 230 միլիոն դոլար հավելյալ գումար, Լիբանանում մարդասիրական օգնությանն ու վերակառուցման գործին օգնելու համար.

՚՚Գումարները լիբանանցիներին կօգնեն վերանորոգել դպրոցները, որպեսզի երեխաները կարողանան դպրոցական տարին սկսել ժամանակին։ Ես կարգադրել եմ, որպեսզի արտահոսած նավթը մաքրող մասնագետների մի խումբ ուղարկվի Լիբանանի կառավարությանն օգնելու մաքրման աշխատանքներում, որը վտանգում է ծովափնյա համայնքները։ Ես առաջարկում եմ 42 միլիոն դոլար արժեցող մի փաթեթ, Լիբանանի զինուժը մարզելու եւ հանդերձավորելու համար՚՚։

Նախագահ Բուշն ասել է, թե սերտորեն կաշխատի Կոնգրեսի հետ վարկերի երաշխավորման ժամկետը երկարաձգելու համար, որպեսզի վերակառուցի Հեզբոլահի հրթիռակոծման հետեւանքով վնասված Իսրայելի ենթակառույցները։ Պարոն Բուշը Հեզբոլահին համարել է Իսրայելի հետ հակամարտության արմատական պատճառը։

XS
SM
MD
LG