Մատչելի հղումներ

Կացությունը Լիբանանում


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը վերստին կոչ է անում կայուն խաղաղություն հաստատել Իսրայելի ու Լիբանանում տեղակայված Հեզբոլահ ռազմաշունչ խմբի միջեւ հակամարտությունում։

Նախագահ Ջորջ Բուշը շարունակում է ընդդիմանալ Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ հրադադար հաստատելու շուրջ միջազգային համայնքի հարաճուն կոչերին։ Պարոն Բուշն ասում է, թե սպասում է որպեսզի ՄԱԿ-ը քայլեր ձեռնարկի կայուն խաղաղություն հաստատելու համար.

՚՚Լիբանանի ժողովրդավարական կառավարությանը պետք է հնարավորություն տալ, որպեսզի իշխանություն հաստատի իր տարածքում։ Լիբանանում շտապ պետք է տեղակայվի բազմազգ մի զինուժ, որպեսզի կարողանանք արագորեն Լիբանանի ժողովրդին հասցնել մարդասիրական օգնությունը։ Իրանը պետք է վերջ դնի ֆինանսական եւ զենքերով իր աջակցությանը Հեզբոլահի նման ահաբեկչական խմբերին։ Սիրիան պետք է վերջ դնի ահաբեկչությանն իր աջակցությանը եւ հարգի Լիբանանի ինքնիշխանությունը՚՚։

Այն բանից հետո, երբ Իսրայելի ռմբակոծության հետեւանքով անցնող կիրակի Քանա գյուղում զոհվեցին մոտավորապես վաթսուն բնակիչներ, Իսրայելը հայտնել է, թե երկու օրով առկախում է օդից իր հարձակումները։

Սակայն Իսրայելի ինքնաթիռներն անցնող երկուշաբթի վերստին ռմբակոծեցին Լիբանանի որոշ տեղանքներ։ Իսրայելի պաշտոնատարները հայտնել են, թե օդային հարձակումներն աջակցում էին Հեզբոլահի հայդուկների դեմ ցամաքային զինուժերի մարտերին։

Նրանք ասում են, թե Իսրայելի ցամաքային զինուժերն օդից աջակցություն են խնդրել, երբ հակատանկային հրթիռի պայթյունից վիրավիրվել են իսրայելցի մի քանի զինվորներ։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին այլեւս չի լինի հրադադար։

Աշխարհի որոշ թվով երկրների ղեկավարների հետ հակամարտության խնդիրը մեկ շաբաթից ավելի քննարկելուց հետո Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ կարող է հրադադար հաստատվել այս շաբաթ։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հեզբոլահի օրենսդիր Հասան Ֆադլալահն ասում է, թե Հեզբոլահի առաջնահերթությունը, իր բնութագրմամբ, ՚՚Իսրայելի նախահարձակումը՚՚ կանգնեցնելն է.

՚՚Դրանից հետո կարող ենք քննարկել քաղաքական այլ խնդիրներ։ Առկա են Լիբանանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր, որոնք պետք է քննարկել երկրի ժողովրդի հետ։ Իսրայելը չի կարող թելադրել որեւէ պայման։ Կմերժվի թե՛ Իսրայելի, եւ թե Միացյալ Նահանգների քաղաքական որեւէ պայման՚՚։

Հեզբոլահի եւ Իսրայելի միջեւ մարտերը սկսվեցին Հուլիսի 12-ից ի վեր, երբ Հեզբոլահը գերեվարեց Իսրայելի երկու զինվորների։ ՄԱԿ-ում Մարդասիրական օգնության բարձրագույն համակարգողի խոսնակներից Ասթրիդ Վան Ջենդերեն Սթորթն ասում է, թե հարյուրավոր անձինք զոհվել՝ եւ բազմաթիվ այլ անձինք դարձել են անօթեւան.

՚՚Այն կարծիքին ենք, որ Լիբանանում անօթեւան են դարձել մոտավորապես 700-ից 800 հազար անձինք։ Նրանցից շատերը մեկնել են երկրի հյուսիս՚՚։

Ֆրանսիայի մարդասիրական կազմակերպություններից մեկն անհրաժեշտ պարեն եւ դեղորայք է հասցնում հարավային Լիբանանի բնակիչներին, որտեղ այդ պաշարները սպառվում են։ Կազմակերպության աշխատակիցներից Ֆրանսուա Դը Պատիեն այս մասին ասում է.

՚՚Ջանում ենք Լիբանանի հարավային սահմանի գյուղերի համար անել հնարավորինը եւ նրանց տրամադրել բժշկական որոշ օգնություն՚՚։

՚՚Գթասրտության կորպուս՚՚ միջազգային օգնության կազմակերպությունը նաեւ օրապահիկներ է բաժանել լիբանանցի անօթեւան ընտանիքներին։

XS
SM
MD
LG